HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծրուն Հովհաննիսյան․ «Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր»

Գայանե Հովսեփյան

Շուրջ 2 օր է` չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Երեկ և այսօր բավական ինտենսիվ ու ծանր մարտեր էին Շուշի տանող ճանապարհին և շրջակա բնակավայրերում։ Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հավանաբար, հայոց պատմության մեջ այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է։ Այսօր մեր հետևակը, հրետանին, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել։ Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել։ Այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է։ Այլ ճակատներում համեմատաբար թույլ գործողություններ են կատարվել։ Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները»,- տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ հարավում և արևելքում այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերը դեպի Շուշի օգնության եկող Ադրբեջանի մնացորդ զորաջոկատներին ջախջախել են։

«Շուշիի ուղղությամբ էլիտար ստորաբաժանումներ են, որոնք որպես կանոն թեթև և արագաշարժ տեխնիկա ունեն, լավ սպառազինված են և այնպիսի պատրաստվածություն են անցել, որ կարող են գիշեր-ցերեկ նույն ուժգնությամբ մարտ վարել։ Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանության օպերացիան ավարտված է, չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է, և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց իրավիճակը փոխված է, վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի։ Այսօր Շուշիի հերոոսական պաշտպանության օրերից էր։ Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter