HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցանկանում եմ, որ տղայովս էս ամենը վերջանա»

Ներսոյենց տանը վերջին անգամ նախորդ տարի էի եղել․ գյուղի ամրոց-եկեղեցում պատարագ էր, եկեղեցուն մոտ ու ծանոթ տունը՝ Ներսոյենցը։ Ինքը բանակում էր ու չէինք էլ մտածում գնալ, բայց հայրն իր տղայի ընկերներին գրեթե ուժով տարավ։ Պատշգամբում՝ սեղանի շուրջ սկսված խոսակցությունը մի առանցք ուներ՝ Ներսոն, զինվորը։ 

Մեկ տարի անց նույն տեղում եմ։ Նորից՝ առանց Ներսոյի։ Հուղարկավորությունից մի քանի օր անց եկել եմ որպես լրագրող՝ խոսելու հոր հետ, լսելու պատմություններ, որոնց մի մասի ականատեսն եմ եղել։

Ներսոն կանաչ-մոխրագույն խոր աչքեր ուներ ու լայն ժպիտ։ Հոկտեմբերի 26-ին 20-ամյակն էր, իսկ ֆեյսբուքյան պատին շնորհավորողները միաբերան ասում էին․ «Քիչ մնաց, գալու ես, ու․․․․»։ Չհասցրի նամակ գրել։ Ասացին՝ զոհվել է։ 

Ներսես Արթուրի Ներսիսյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում, կարատեիստ է։ Երկու տասնամյակից քիչ ապրած կյանքում 100-ից ավելի մենամարտ էր անցկացրել՝ առանց պարտության։ Հայրն ասում է՝ կարատեն չթողնելու տղայի որոշման մեջ ճակատագրական էր առաջին միջազգային մրցույթը, երբ ընդամենը 9 տարեկան էր ու հաղթել էր ադրբեջանցի մարզիկին։ Մինչև բանակ գնալը Ներսեսն ասում էր, որ հայրն է որոշել՝ ինքն անպայման պիտի մարզվի, երբ դեռ շատ փոքր էր, շարունակելն արդեն իր ցանկությամբ էր։

«Իմ երազանքն էր, որ տղես գա ու հանկարծ չթողնի սպորտը։ Ուզում էի, որ գար ու աշխարհում մեր եռագույնը բարձրացներ, բայց ոչ էսպես»։ 

Ներսեսը զոհվեց Արցախի հարավ-արևելյան սահմանին՝ ավիառումբի հարվածից, ասում են՝ մարտադաշտում իր հետ եղած տղաներից ոչ մեկը ողջ չի մնացել։

Հայրը՝ Արթուրը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, 1992-94 թվականներին Արցախից շքանշաններ, դեմքին ու ողջ մարմնին սպիեր է բերել, երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ «Մտածում էի, էն ժամանակ շատերս էինք մտածում, որ հետ գնալուց հետո ամուսնանալ, երեխաներ ունենալ չենք ուզի, բայց էդպես չեղավ, փառք Աստծո»։ Ներսեսն ընտանիքի երկրորդ զավակն է, ավագ ու կրտսեր քույրեր ունի և կրտսեր եղբայր՝ ճիշտ իր նման։ 

Արցունքների միջից փոքր քույրը՝ Թինան, ժպտում է։ «Ի՞նչ ես հիշել»,- հարցնում եմ։ «Փոքր էինք, պապիի հետ այգի էին գնացել, չգիտեմ՝ ինչի, վիճել էին։ Նեղացած եկավ տուն ու ասում էր՝ ինչի եք անունս իր անունը դրել, փոխեք»։ Հետո ուղղակի Ներսեսի հետ չէր համակերպվում, ուզում էր, որ իրեն Ներսո ասեն։ 

Ներսոյին առաջին անգամ առաջին դասարանում՝ սեպտեմբերի 1-ին էի տեսել։ Դրանից հետո կանաչ-մոխրագույն աչքերով տղային դպրոցում, բակում, հետո՝ կարատեի պարապմունքներին, ավելի ուշ արդեն ընկերների շրջապատում անընդհատ էի տեսնելու։ Հետո հեռախոսս ու տեսախցիկս Ներսոյի նկարներով էին լցվելու, ես՝ դառնալու նրա «անձնական լուսանկարիչը»։ 

Ներսեսը գյուղի ակտիվ երիտասարդներից էր, երիտասարդական-համայնքային կենտրոնի ամենաակտիվ տղան։ Մարինեն՝ խմբի համակարգողը, ասում է՝ Ներսոն շատ բան փոխեց գյուղի երեխաների մտածելակերպում։ Ինքը սովորեցրել էր շատերին՝ մտածել ուրիշների մասին։

Բանակ գնալուց առաջ ձեռքին դաջվածք էր արել՝ գրություն, որ էդպես էլ չթողեց կարդամ։ Հետո, շատ հետո իմացա. դաջել էր «չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են երկինքը նվաճելու»։ (Чемпионы не умирают, они уходят покорять небеса):

«Պատերազմը սկսելուց հետո շատ չէր զանգում, ասում էր՝ լավ եմ ու վերջ։ Մի անգամ զանգեց, ասում էր՝ պապ, հարսանիք եմ հարամել»։ Հայրը միանգամից չի հասկացել՝ ինչ նկատի ունի, «պատերազմ ա, տղե’ս, ի՞նչ հարսանիք»։ Ներսոն էլ՝ կեսկատակ- կեսնեղացած,  թե՝ «պա’պ, դու կռված տղա ես, պիտի հասկանաս»։ Արթուրը փորձում է զսպել արցունքները․ «Ցավով եմ ասում, բայց հպարտ եմ։ Հպարտ եմ, որ Ներսոյի պես տղա ունեմ։ Ոչ մեկին չեմ մեղադրում, բայց հպարտ եմ, որ տղես չի փախել, չի փորձել իր կյանքը փրկել։ Երբ պատմում էին, թե ինչեր էր արել, մտածում էի՝ ծնող եմ, ուզում են մխիթարել»։ Հետո զորամասի հրամանատարությունից են զանգել ու ասել՝ պատերազմն ավարտվի կգանք ու ամեն ինչ ինքներս կպատմենք։ 

Ասում է՝ վերջին խոսակցության ժամանակ խնդրել էր մորն ասել, որ չզանգեն իրեն՝ ախր խանգարում են, կարևոր գործ է անում։ Մորն էլ ասել էր՝ եթե նորից լաց լինես, էլ չեմ զանգի․ «Իմ նման տղա ունես, ինչի՞ ես լացում»։

«Բանակ գնալուց հետո շատ լուրջ էր դարձել, ասում էր՝ խաղ չի»․ Թինան պատմում է, որ վերջին օրերին շատ բան չէր ասում, «արագ խոսում ու անջատում էր»։ Հետո մի քանի օր չէր զանգել։ Իսկ երբ մարմինը գտել էին, բռի մեջ հող էր։ Նույն հողը, որ եղունգներով էր պահել։ 

«Շա՞տ էր հարցնում Արցախյան առաջին պատերազմի մասին»․ հարցնում եմ հորը։ Ասում է՝ շքանշաններն էր բերում ու հարցնում՝ որը երբ ու ինչի համար է ստացել, «հիմա զանգել են ինձ, ասում են, որ տղայիս շքանշաններն անձամբ են բերելու»։ «Մանկուց ամեն տեղ տանում էի հետս, փորձում հայրենասիրություն ներարկել մեջը։ Հաճախ Եռաբլուր էի տանում իմ հետ, ինչի՞ էի տանում»։ Արցունքները չեն ենթարկվում Արթուրին, հոսում են։

Նախորդ պատերազմից մնացած հիշողություններին են խառնվում նորերը, ու դիմանալն ավելի բարդ է, բայց չկոտրվելու համար մեռնողներին հիշել ու ապրողներին հարգել է պետք։ Ներսոյի հայրն ասում է՝ հետո շատերս ենք մոռացվելու, բայց Ներսոն ու այս պատերազմում զոհված մյուս տղաները երբեք, երբեք չպիտի մոռացվեն։ Բայց, ասում է, մի բան էլ պիտի հիշենք․ «Մեք մեր հերոսներին ողջերի մեջ պիտի փնտրենք, ապրողներին պիտի հերոսացնենք»։

․․․  Հրաժեշտ ենք տալիս՝ նորից հանդիպելու, Ներսոյին ու մյուս բոլոր տղաներին միշտ հիշելու խոստումով. «Գյուղ մտնելիս ուրախանում էի, որ ճանապարհին սև լենտ չկար, ո՞նց իմանայի, որ իմ տղայի անունով պիտի լինի։ Ուղղակի ցանկանում եմ, որ տղայովս էս ամենը վերջանա»։

Անի Ավետիսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter