Վթարային շինությունների փլուզման վտանգ՝ Լոռու մարզում. 3 ընտանիք կվերաբնակեցվի՞
Մարտի 26-ին Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ Լ. Զավալյանից գրություն է ստացվել, որ նույն քաղաքի 3-րդ փողոցի թիվ 9 շենքը վթարային է և վտանգ է սպառնում բնակիչներին:
Նույն օրը Չկալովի գյուղապետ Ռ. Շաքարյանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետևանքով փլուզվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 31 տունը:
Ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով՝ Չկալով գյուղ, այնուհետև Թումանյան քաղաք է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1961 թ. կառուցված շինությունների (երկհարկանի՝ Չկալով գյուղում, մեկհարկանի՝ Թումանյան քաղաքում) հիմնապատերին ճեղքեր են առաջացել են դեռևս 1988 թ. երկրաշարժից հետո: Շինությունների շահագործման տարիների ընթացքում ճեղքերն աստիճանաբար լայնացել են, և ներկայում կա շինությունների փլուզման վտանգ:
Չկալով գյուղի նշված տանը բնակվում է 5 անձից բաղկացած ընտանիք, իսկ Թումանյան քաղաքի վթարային շենքում՝ 2 ընտանիք (7 մարդ):
Քաղաքապետ Լ. Զավալյանին և գյուղապետ Ռ. Շաքարյանին առաջարկվել է վերաբնակեցնել ընտանիքները:
«Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ում հանձնարարությամբ կստեղծվի հանձնաժողով՝ տվյալ շինությունների վթարայնության աստիճանները որոշելու և խնդրին լուծում տալու համար»,- հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել