HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղբորս փնտրելիս  

Եղբորիցս լուր չկա արդեն մեկ ամիս և մեկ շաբաթ։

Շատ սրտացավ, օգնելու պատրաստ մարդկանց եմ հանդիպել նրան փնտրելու ընթացքում, ինչպես նաև՝ ճիշտ հակառակը: Սակայն այս գրվածքը մի փոքրիկ դրվագ է պատմությունից, որը, հույս ունեմ, հնարավորություն կտա նկատել ու շտկել որոշ թերություններ, որոնք բարդացնում են առանց այն էլ բարդ իրավիճակը:

Ընկերներիս հետ գնացինք Ռազմական ավիացիայի ինստիտուտ, որտեղ կա անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողով: Հույս ունեի նրա մասին տեղեկություն ստանալ:

Պարզելուց հետո, որ քույրը ես եմ, միայն ինձ ներս թողեցին: Աղջիկները բազայում փնտրեցին եղբորս անունը ու նորից հաստատեցին նրա անհետ կորած լինելը: 

Խնդրում էի, որ ասեն, թե որ օրն է հայտնվել իրենց բազայում, որ կարողանամ իմ հավաքած ինֆորմացիայի հետ համեմատել: Ասում էին, որ չեն կարող ասել:
Փոխգնդապետ մտավ սենյակ, խնդրեցին, որ փոխգնդապետը պատասխանի հարցերիս: 

Տարբեր կերպ էի ձեւակերպում հարցս, որ կարողանամ ուզածս պատասխանը կորզել: Անդադար նույն բանն էի լսում՝ բազայում ինֆորմացիայի մուտքի ամսաթիվ չի երևում։

Հասկացա, որ ես ավելի շատ ինֆորմացիա եմ հավաքել եղբորս մասին, քան անհետ կորած զինվորներով զբաղվող հանձնաժողովը:

Ինչո՞ւ հնարավոր չէ իմանալ զինվորի անհետ կորելու օրվա մասին տեղեկությունը՝ ե՞րբ է զինվորն «անհետացել», քանի՞ օր են փնտրել, ե՞րբ է ինֆորմացիան փոխանցվել հանձնաժողովին և ե՞րբ է դարձել վերջնական-պաշտոնական:

Իհարկե, հասկանալի է, որ իրավիճակը խառն է, բայց կարելի է գոնե հեշտացնել հարազատների վիճակը, ոչ թե բարդացնել:

ՄԱՍ 2 - հիվանդանոցներ

Երբ ոչ մի տեղեկություն չունես եղբորիցդ, հավանականություն կա, որ հենց նա է հիվանդանոցներից մեկի՝ անգիտակից, անհայտ զինվորը: Երկու տարբերակ կա՝ զանգել թեժ գիծ և ճշտել հիվանդանոցները, որտեղ անհայտ, անգիտակից զինվորներ են բուժվում, կամ, եթե թեժ գիծն անդադար զբաղված է, հերթով զանգել բոլոր հիվանդանոցներ:

«Անհայտ զինվոր ունենք» պատասխանից հետո սկսվում է շփոթության մի փուլ, որի մեջ ներքաշված ես ոչ միայն դու, այլև խոցելի վիճակում, ինքն իրեն պաշտպանելու կարողությունից զուրկ զինվորը:

Ընդունարանում սովորաբար չեն կարողանում պատասխանել հարցերին, որոնցով փորձում ես ճանաչել հարազատիդ։ Երկու հարցից հետո, հարցերի քանակից նյարդայնացած, ասում են՝ «եկեք հիվանդանոց, կմտնեք ներս, կտեսնեք»:

Մոտ երեք շաբաթ առաջ գնացի հիվանդանոց: Վերակենդանացման բաժանմունքի մոտ սեղան էր դրված, կողքը նստած էր անվտանգության աշխատակիցը, որ բոլորի հարցերին պատասխանում էր՝ սպասեք բուժքույրը գա: 

Բուժքույրը եկավ, մանրամասն պատմեց, որ զինվորն անճանաչելի այրված է, մարմինն ուռած է այրվածքներից: Ասաց, որ ավելի լավ է ներս չմտնեմ, շատ կազդվեմ, որ միայն աջ ձեռքն է ճանաչելի: Լուսանկար չունեին, որ դրանով ճանաչեմ:

Գործընկերներիս հետ մի քանի օր առաջ առաջարկեցինք Պաշտպանության նախարարությանը հանձն առնել անհայտ և անգիտակից զինվորների լուսանկարների շտեմարանի ստեղծումը։ Առաջարկը լսվեց և մնաց օդում։ 

Երկար մտածելուց հետո որոշեցի ներս մտնել: Ինձ ուղեկցեց անվտանգության աշխատակիցը: Միջանցքի անկյունում դրված տուփից խալաթ մեկնեց ինձ, որը թարս հագա, չէին ասել՝ ինչպես հագնել: Պալատի դուռն անընդհատ բացվում-փակվում էր: Մտա ներս: Ներսում երեք զինվոր էր պառկած, որոնցից մեկը՝ լրիվ անգիտակից: Մյուս զինվորը կամ ցավից էր շարժվում կամ կիսաքնած փորձում էր դիրքը փոխել:

Բուժքրոջ պատմածից վախեցած՝ զինվորի դեմքին չէի նայում: Հարցրի՝ կարո՞ղ եմ աջ ձեռքը տեսնել: Բուժքույրը նյարդային, կցկտուր բաներ էր խոսում…  Խիզախեցի նայել զինվորի դեմքին. առաջին բուժքույրը շատ էր ուռճացրել, դեմքը ճանաչելի էր: Եղբայրս չէր, սակայն մինչև կհասցնեի ասել, տղայի վերմակն անփութորեն քաշեցին՝ հարցնելով՝ ի՞նքն է։

Ակնհայտ էր, որ օրվա մեջ բազմիցս իրենց հարազատին փնտրող մարդիկ մտնում են ներս, և բուժքույրն օրվա մեջ մի քանի անգամ նույն անփութությամբ քաշում է վերմակը զինվորի վրայից: Համավարակի պայմաններում սանիտարահիգիենիկ պահանջներն ամբողջովին չեն պահպանվում. զինվորներին «ճանաչելու» մտնողներին բախիլներ չեն տրամադրվում, ախտահանվելու պահանջ չի դրվում։

Ինչո՞ւ  անգիտակից, անհայտ զինվորների լուսանկարների շտեմարան չկա, որի միջոցով հարազատները կկարողանան ճանաչել իրենց զինվորին: Անձնական փորձառությամբ տեսա, թե որքան շատ ենք անհանգստացնում վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինվորներին՝ անընդհատ ներսուդուրս անելով:

Ի վերջո, այցելուի համար էլ հեշտ չէ անընդհատ տարբեր աստիճանների վիրավոր, անգիտակից զինվորներ տեսնելը:

Չկարգավորված «ճանաչման» գործընթացի պատճառով հանգիստ չենք տալիս զինվորներին անգամ վերակենդացման բաժանմունքում:

Հիվանդանոցից դուրս եկա լրիվ հյուծված, մի քանի օր տղայի դեմքն էր աչքիս առաջ:

Դրանից հետո անդադար ձգձգում էի անգիտակից զինվորներին այցելելը, սպասում էի մինչև հարազատները գտնեն իրենց, որ ես ավելորդ անգամ չանհանգստացնեմ իմ ներս մտնելով:

Եղբորս շարունակում ենք փնտրել, չնայած փնտրելու բոլոր հնարավոր միջոցները կարծես թե սպառել ենք:

Շարունակենք լինել ուժեղ, ստեղծագործ, միմյանց օգնող:

Շողակաթ Վարդանյան
Լուսանկարը՝ Գայանե Ղարդյանի (մեր մամայի), 2019թ.

Հոդվածը գրվել է նոյեմբերի 7-ին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter