
Ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել են Ջո Բայդենի հաղթանակը
Ամերիկյան միանգամից մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ը, Fox News-ը և Associated Press-ը, հայտարարել են Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հաղթանակի մասին։ Բայդենը հավաքել է ընտրիչների անհրաժեշտ 270 ձայները՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար։ Այսպիսով, Ջո Բայդենը, հավանաբար, կդառնա ԱՄՆ 46-րդ նախագահը։
Առկա տվյալների համաձայն՝ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում (ընտրիչների 20 ձայն)։ Փենսիլվանիան «տատանվող նահանգներից» մեկն է, որտեղ, ավելի վաղ, առաջատարը Դոնալդ Թրամփն էր։ Վերջին տվյալներով՝ Փենսիլվանիայում Բայդենը ստացել է ձայների 49,7 %-ը, իսկ Թրամփը՝ 49.2 %-ը։ Պաշտոնապես, սակայն, Փենսիլվանիայում քվեաթերթիկների ամփոփումը չի ավարտվել։
CNN-ի տվյալներով՝ Բայդենն այս պահին ունի ընտրիչների 273 ձայն, իսկ Թրամփը՝ 213։ Նույն տվյալներն են հաղորդում նաև Associated Press գործակալությունը, Fox News-ը և NBC հեռուստաընկերությունը։
Լուսանկարը՝ Paul Sancya/AP
Մեկնաբանել