HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արծրուն Հովհաննիսյան․ «Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն»

Ռազմաճակատի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ։ Այս մասին այսօր Միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք երեկ պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երևում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանը։ Մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական։ Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին Տակում, Լիսագորում և այլ հատվածներում նույնպես եղել են մարտեր։

Մասնավորապես, Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի միջոցով հարձակում իրականացնել, բայց կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ ետ է շպրտվել ելման  բնագծեր՝ թողնելով մի քանի դիակներ։

Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ հակառակորդը փորձել է առաջ գալ, չի կարողացել։ Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ այս ուղղությամբ հայկական ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում  իրականացնել։

«Այսօր էլ, այս րոպեին էլ մեր զորքերը Շուշիի համար պայքարում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ դիրքորոշում հայտնելով,  որ այս պահին տեղին չեն բոլոր տեսակի խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները։

ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի, և' բնակավայրերի ուղղությամբ եղել են հրետակոծություններ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter