Գերմանիայում, Դանիայում և ԱՄՆ-ում կկազմակերպվեն հայկական հնատիպ գրքի ցուցահանդեսներ
Ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Դանիայում և ԱՄՆ-ում կկազմակերպվեն հայկական հնատիպ գրքերի ցուցահանդեսներ հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում:
Ապրիլի 15-ին Հալլե քաղաքի «Kunstforum» սրահում կբացվի «Տառարվեստ և պատկերի հրաշքը. հայ գրատպության 500-ամյակ» խորագրով ցուցահանդեսը: Նախաձեռնողներն են Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Ցուցահանդեսում կներկայացվեն Գերմանիայի տարբեր մշակութային ու գիտական հաստատություններում պահվող հնատիպ գրքեր, նաև ցուցանմուշներ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից, Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:
Ապրիլի 17-ին Կոպենհագենի «Black Diamond» թագավորական գրադարանում կբացվի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով ցուցահանդեսը: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Դանիայում ՀՀ դեսպանությունը և Կոպենհագենի թագավորական գրադարանը: Ցուցահանդեսին կներկայացվեն Կոպենհագենի թագավորական գրադարանում պահվող հայատառ և Հայաստանի մասին պատմող հնատիպ գրքերը: Ցուցադրությունը կհարստացվի Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուով ևս: Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի համերգային ծրագիր:
Ապրիլի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կբացվի «Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդեսը, որը նախաձեռնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Կոնգրեսի գրադարանի տնօրինությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել