HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաք գուլպա եւ գլխարկ՝ զինվորի համար

Բերդավան համայնքի բնակիչ Գոհար Ասլիկյանի նախաձեռնությամբ համայնքի եւ հարակից բնակավայրերի կանայք պատերազմը սկսվելուց հետո տաք գուլպաներ ու գլխարկներ են գործում առաջնագիծ ուղարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի կողմից հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո էլ կանայք շարունակում են աշխատանքը։

Նախաձեռնությունն կոչվում է «Սահմանից սահման»։ Արդեն մի քանի տարի է՝ բերդավանցիները մրգերով ու քաղցրավենիքներ լի արկղեր են ուղարկում զինվորներին, գուլպա եւ գլխարկ գործելը դարձել է այս ամենի շարունակությունը։ «Շատ կարեւոր էր, որ կանայք նույնպես մի բանով զբաղվեին, լարվածությունը, սթրեսը ինչ-որ չափով ցրելու համար։ Նրանց մի մասի որդիները, ամուսինները, եղբայրները  սահմանում են», - ասում է նախաձեռնության համահեղինակ Գոհար Ասլիկյանը։

Նախաձեռնությունը սկսել են մի քանի հոգով, ապա ծանոթների, ընկերների միջոցով տեղեկացրել գործի մասին այլոց։ Նրանց միացել են աղջիկներ ու կանայք, հավաքել թելեր կամ թել գնելու համար գումար փոխանցել։ Հրադադարի վերաբերյալ հայտարարությունը ստորագրելու եւ Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին լուրը մի քանի օրով կանգնեցրել է աշխատանքը, սակայն Գոհարը պնդում է՝ պետք է ուժ հավաքել, գործը կիսատ թողնել պետք չէ. «Պատերազմը վերջացել է, սակայն մենք սահմանին կանգնած զինվորներ ունենք, եւ եթե ֆինանասավորում լինի, ապա կլոր տարի էլ գուլպա ու գլխարկներ կգործենք»։ 

«Սահմանից սահման. տաք գուլպաներ» նախաձեռնությանը միացածների թիվն անցնում է 100-ը, 10 գյուղերի կանայք ու աղջիկներ են՝ 16-85 տարեկան։ Արդեն գործած գուլպաների թիվն անցնում է 500-ը։

Գոհարի պնդմամբ՝ մայրերի ոի տատիկների գործած գուլպաները զինվորներին ինչ-որ չափով ընտանեկան ջերմություն կփոխանցեն, որ նրանք էլ հավատան՝ իրնց սպասող կա եւ ծառայությունը ավելի հեշտ անցկացեն։ Այժմ նախաձեռնության մասնակիցները շարունակում են կիսատ մնացած աշխատանքերը։ 

Տաք գլխարկներ գործում են ոչ միայն սահմանամերձ Տավուշի գյուղերում։ Այս գործին միացել են Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված կանայք։

70-ամյա Սրբուհի Ղուլյանը պատմում է՝ երիտասարդ ժամանակ է սկսել գործել, հիմա էլ շարունակում է։ Նա դստեր եւ թոռների հետ Ասկերանի շրջանի Հիլիս գյուղից է տեղափոխվել Հայաստան: 

Նա բնակվում է Էջմիածնում՝ Մայր Աթոռի հատկացրած կացարանում։ Վերջինիս հետ են գյուղից եւ հարակից համայնքներից եկած հարեւանները։ Կացարանի եւ սննդի հարցը լուծելուց հետո Անգելինա Ալեքսանյանի նախաձեռնությամբ Էջմիածնում ժամանակավորապես հաստատված կանայք սկսել են գործել գլխարկներ։

Անգելինա Ալեքսանյանը «Ընտանեկան խորհրդատվություն» ՀԿ-ի հիմնադիրն է, ասում է՝ հասարակական կազմակերպությունն այս օրերին հոգեբանական եւ իրավական աջակցություն է ցուցաբերել ժամանակավոր Հայաստան տեղափոխվածներին, սակայն նպատակ ունեն նաեւ այդ մարդկանց զբաղվածության հարցը լուծել՝ ճնշող, լարված մթնոլորտը մի փոքր մեղմելու համար։

Առաջարկն էլ արել են արցախցի կանայք. մի մասն առաջարկել է տաք հագուստ գործել, մի մասն էլ՝ ժենգյալով հաց թխել։ «Գործողների մեծ մասն առաջին օրերին շատ փակ էր, չէին խոսում, չէին հաղորդակցվում։ Գլխարկներ գործելուց մի քանի օր հետո սկսեցին խոսել, զրուցել մեզ հետ»,- ասում է Անգելինան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter