HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր սկսած սուրբ գործը հաղթանակով հասցնելու ենք ավարտին». վիրավորված տանկիստն ապաքինվելուց հետո վերադառնալու է առաջնագիծ

Երեք օր անընդմեջ փորձում եմ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել ժամկետային զինծառայող Պապինի հետ, բայց միայն երրորդ օրը հաջողվեց: Կեսօրին ուղևորվում եմ նրանց տուն։ Առաջին հարկում ինձ դիմավորում է Սյուզին՝ քույրը: Միասին բարձրանում ենք վերև, Պապինը սպասում էր. ժպիտով դիմավորում է:

Մի քանի րոպե էր, ինչ սկսել էինք զրույցը, Պապինը վերհիշում էր ռազմի դաշտի տեսարանները, սենյակը  լցվեց հյուրերով. բոլորը եկել էին զինվորի առողջական վիճակով հետաքրքրվելու ու գնալիս միաբերան կրկնում էին՝ հաջորդ գալուց տեսնենք՝ արդեն քայլում ես:

Պապինը բարձրահասակ, սև աչք-ունքով, ժպտադեմ, 20-ամյակը նոր բոլորած տղա է։ Ռազմաճակատում նա հասցրել է շատ բան տեսնել ու անել:

Պապին Բնյանը ծնվել եւ ապրում է Արագածոտն մարզի Կարբի գյուղում, բռնցքամարտիկ է: Ծառայում է Արցախի հարավում, կրտսեր սերժանտ է, տանկի հրամանատար:

«Սեպտեմբերի 27-ն էր, առավոտ շուտ կռիվը սկսվել էր: Առաջնագծում դիրքերը պահողները քիչ էին, մեր օգնության կարիքը կար: Գնացինք ու միանգամից ներգրավվեցինք կռվի մեջ: Թշնամին մեզանից շատ հեռու չէր: Դուրս եկանք առաջնագիծ, որ կրակենք ու պատահական անցանք չեզոք գոտի։ Ընկերս ինձ մենակ չթողնելու համար իր տանկով եկավ հետեւիցս։ Ազերները մտածեցին, որ մենք գրոհում ենք ու սկսեցին փախչել: Այդ ընթացքում հասցրինք իրենց վնաս պատճառել ու անվնաս դուրս գալ չեզոք գոտուց»,- սկսում է պատմել Պապինը:

Բարեհաջող վերադառնալուց հետո նկատել են, որ մեր տանկերից մեկը մնացել է չեզոք գոտում, Պապինը ծառայակից ընկերոջ հետ կարողացել է այն վերադարձնել:

Հայրը՝ Հովիկ Բնյանը, հպարտությամբ, բայց միևնույն ժամանակ տագնապով հիշում է այդ 10 օրերի ընթացքում որդու հետ ունեցած խոսակցությունները: «Երկար ժամանակ չէր զանգել, անհասանելի էր: Անսպասելի զանգեց, ասաց՝ պապ, սպասի կզանգեմ, ծիծաղում ենք:

Պապինը պատմում է, թե ինչն էր ծիծաղի առիթը։ «Ընկերս՝ Բեգոյան Սարգիսը, 27-ի գիշերը գնացել էր առաջին գիծ տանկ բերելու մեր մոտ՝ երկրորդ գիծ, բայց ճանապարհը շփոթելով գնացել է դեպի Ադրբեջանի դիրքեր: Ընթացքում հասկացա, որ Սարգիսը սխալ ուղղությամբ է գնացել: Կապը ձեռքիս, աննկատ տեղերով քայլում էի, որ կարողանամ իրան հետ բերել: Մեկ օր էինք այդտեղ, տեղանքին բացարձակ ծանոթ չէինք: Արդեն կեսգիշեր էր, տանկի եկող ձայնը լսելով՝ հասկացա, գնացի այդ ուղղությամբ: Ու այդ ժամանակ կապով ծնունդս շնորհավորեց: Ասեցի՝ գիտե՞ս, որ Ադրբեջանից ես ծնունդս շնորհավորում, ասեց՝ ո՞նց թե, գնացի դեպի չեզոք գոտի, կողմնորոշիչ ցույց տվեցի ու բարեհաջող հետ եկավ»,- շարունակում է Պապինը: 

20-ամյակը լրացել է սեպտեմբերի 28-ին: Առավոտյան ժամը 11-ին է հիշել, որ ծնունդն է: Սնունդ ունեցել են, դիրքերում էլ նշել են:

«Կռվի չորրորդ օրը դասակի հրամանատարի հետ էինք (որը տանկի նշանառուն է-հեղ.), կարողացանք թշնամուն վնասներ պատճառել, բայց մեզ «Կորնետով» խփեցին: Երեքս էլ վիրավորվեցինք, բայց մեզանից մեխանիկի վիճակը ծանր էր, նրան տարան, ես ու նշանառուն չհեռացանք կռվի դաշտից, շարունակեցինք: Հասցրել եմ 1 տանկ, 1 ԱԹՍ, 3 բլինդաժ, 2 ԲՄՊ խոցել: Փոշմանել եմ միայն նրա համար, որ երբ չեզոք գոտում էի, շատ մոտ էի դրանց դրոշին, հետս չբերեցի մեր մոտ»,- հիշում է Պապինը: 

Կատակելով՝ համածառայակիցներին ասել է՝ եթե ԱԹՍ տեսնեք, կթողնեք, որ ես խփեմ: Ցանկությունն իրականացրել է՝ ԱԹՍ է խոցել իր տանկի զենիթային գնդացրով:

Երկրորդ անգամ շատ անսպասելի են վիրավորվել: Տեխնիկայով անձնակազմ տեղափոխելիս են եղել։ Պապինի տանկը խոցել են «Բայրաքթար»-ով։ Վիրավորվել են, բայց ամբողջ անձնակազմը ողջ է մնացել:

«Հարվածից մի քանի րոպե հետո զգացի, որ ողջ եմ մնացել: Բայց վնասվածքները շատ էին, մեզ հետ էր վաշտի տեխնիկաների գծով տեղակալը, նրա ոտքերը կոտրվել էին, բայց սկսեց երգել: Դա տեսնելով՝ մենք էլ քաջալերվեցինք ու ասացինք, որ ամեն ինչ լավ կլինի, ողջ ենք մնալու բոլորս էլ: Մինչև եկան օգնության ու տեղափոխեցին հիվանդանոց»,- շարունակում է պատմել:

Թեև տարբեր հիվանդանոցներում են եղել, բայց ամբողջ ժամանակ իրար հետ կապը պահել են, բոլորն էլ լավ են: Պապինը ձախ սրունք/թաթային հոդի շրջանի, աջ և ձախ սրունքների, այտոսկրի շրջանում է վիրավորում ստացել։

Նոյեմբերի 10-ին նա պատրաստվում է վերադառնալ առաջնագիծ:

«Մեր միակ մտածմունքն այս պահին այն է, որ մեր սկսած ահռելի գործը կիսատ թողեցինք, բոլորս առավելագույնն ենք անում արագ ապաքինվելու համար, որպեսզի հետ գնանք, հասնենք մեր մյուս ընկերներին, որոնք պահում են մեր հողը ու պիտի մեր սկսած սուրբ գործը հաջողությամբ ու հաղթանակով հասցնենք ավարտին»,- ամփոփում է Պապինը: 

Սվետլանա Դավթյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter