
ԿԳՄՍ-ն բուհերի հետ քննարկում է զոհված զինծառայողների երեխաների բուհական կրթությունը մատչելի դարձնելու հարցը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկումներ է իրականացնում զոհված զինծառայողների, ազատամարտիկների զավակների բուհական կրթությունն անվճար դարձնելու կամ զեղչեր սահմանելու հարցի վերաբերյալ: Այս մասին 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցադրմանը:
Փոխնախարարի խոսքով` այդ որոշումը կայացվելու է բուհերի հետ քննարկումների արդյունքում, այդ կերպ էլ աջակցության չափն է սահմանվելու: Մարտիրոսյանը նաև չբացառեց, որ լինի նոր օրենսդրական կարգավորում:
«Վստահաբար հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Իրականություն է, որին արդեն իսկ առերեսվում ենք և առաջիկայում ավելի ենք առերեսվելու»,-ասաց Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ խոսեց դպրոցական գրքերի անվճար փոխհատուցման մասին` հիշեցնելով, որ խորհրդարանի կողմից ընդունված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով, 5-12-րդ դասարանների վերոնշյալ խմբի աշակերտներին դպրոցական դասագրքերի փոխհատուցում է տրվում:
Ինչ վերաբերում է Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված աշակերտների հեռավար դասապրոցեսն ապահովելու հարցին, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունն առաջին իսկ օրերից դիմել է մարզպետարաններ, համայնքներ ու գույքագրել տեխնիկական սարքավորումների կարիքները:
«Մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք, որ տեխնիկական սարքավորումնեով ապահովենք նման աշակերտներին»,-ասաց Անդրեասյանը:
Մեկնաբանել