
Վահրամ Պողոսյան. «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է արել, որով հայտնում է, որ Շուշին ամբողջությամբ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից եւ վտանգված է մայրաքաղաք Ստեփանակերտի գոյությունը։ «Հետքի» հետ զրույցում նա հաստատել է, որ գրառման հեղինակն ինքն է եւ իր ֆեյսբուքյան էջը կոտրված չէ։ Ստորեւ՝ նրա գրառումը։
«Արցախի Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:
Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել