HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց պետականության շահերը վեր են պահի խնդրից «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ստորագրած փաստաթղթի եւ երկրում տիրող իրավիճակի մասին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

««Ժառանգություն» կուսակցությունը խոր տագնապով արձանագրում է, որ հայրենասիրական տրամադրությունների և մոտալուտ հաղթանակի սպասումների համապատկերում, ռազմաճակատից իրատեսական լուրերի բացառման հետևողական քաղաքականության արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած  պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը, որը ստորագրվել է նրա և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների կողմից, Հայաստանում և Արցախում առաջացրել է հասարակական մեծ հուզումներ ու ցասում:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարության հրապարակումից անմիջապես  հետո եկել է Հանրապետության հրապարակ և ապա՝ Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել քաղաքացիական անհնազանդության անկառավարելի ալիքին, ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքերը մեր պետության աներեր խորհրդանիշերն են, օրենսդիր ու գործադիր իշխանության մարմինները: 

Իրավիճակն անելանելի չէ, եթե մեզ համար թանկ են ազատ, ինքնիշխան ու անվտանգ Արցախն ու Հայաստանը, պետք է ցուցաբերել քաղաքացիական ողջամտություն, ՀՀ օրենսդրության շրջանակներում կան լուծումներ: ՀՀ վարչապետի համար միակ ելքը պատերազմն այս կերպ դադարեցնելն է, սակայն դրան հետևելիք ինը կետերից բաղկացած փաստաթուղթն անընդունելի է Հայաստանի և Արցախի բնակչության մեծամասնության համար: Ուստի պետք է գնալ այլ ճանապարհով:

«Ժառանգությունը» հանձնառու է կրելու պատասխանատվության իր բաժինը: Մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքական ուժերին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական,   ռազմական հրամանատարությանը, որն արցախյան առաջին պատերազմում փայլուն հաղթանակներ է կերտել,  անհապաղ համախումբ ստեղծել պետության պաշտպանության կոմիտե կամ ռազմաքաղաքական շտաբ, որը կմշակի ելքեր ստեղծված իրավիճակից: Մեր անհաջողությունները ժամանակավոր են, պետության ազգային շահերն՝ անբեկանելի: Մեր պատերազմն արդար է, հաղթելու ելք կա», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter