
Հարկահավաքության պատրանք՝ Լորուտում
Հայաստանի կառավարությունը համայնքապետներից պահանջում է ամեն գնով կատարել համայնքային բյուջեների սեփական հարկային եկամուտները: Բյուջեն չկատրող համայնքները կարող են զրկվել կառավարության ներդրումային ծրագրերից: Կառավարության պահանջը կատարելու համար Լոռու մարզի Լորուտ գյուղական համայնքի ղեկավար Հրաչիկ Սահակյանը համաձայնության է եկել բուհերի վճարովի համակարգում սովորող լորուտեցի ուսանողների ծնողների հետ:
Վերջիններս իրենց ուսանող երեխաների ուսման տարեկան վարձը որպես հողի հարկ վճարել են համայնքի բյուջե: Մուտքագրվելուց հետո այդ գյուղացիները համարվել են իրենց հարկային պարտավորությունները կատարած անձինք: Կարճ ժամանակ անց գյուղացիների վճարած նույն գումարները ավագանու որոշումներով, որպես կարիքավոր ընտանիքների ուսանողների ուսման վարձավճար, օգնության կարգով վերադարձվում են նրանց:
Այս ճանապարհով է Հրաչիկ Սահակյանն ապահովել նաև 2011թ. բյուջեի գյուղատնտեսական նշանակության հողի իր նախատեսած 2,6 մլն դրամ հարկային եկամուտների 100% հավաքագրումը, որը, փաստորեն, հողի հարկային եկամուտների հավելագրումների արդյունք է: Ըստ համայնքի 2011թ. բյուջետային հաշվետվության՝ Հրաչիկ Սահակյանը գյուղի կարիքավոր ընտանիքների բարձրագույն կրթություն ստացող երեխաների ուսման վարձավճարները մարելու համար նախատեսել է 1.9 մլն դրամ, որից փաստացի ծախսել է 1,899 հազար դրամը: Փաստորեն, 1 մլն 899 հազար դրամն էլ հենց Լորուտի բյուջեի 2011թ. սեփական հարկային եկամուտների հավելագրված գումարն է:
Ավագանին այդ գումարներից 2011թ. ապրիլի 29-ին «Անապահով երեխաների ուսման վճարի» մասին իր թիվ 5 որոշումով լորուտեցի Համլետ Ստեփանյանին հատկացրել է 90.000 դրամ, Կամո Կարապետյանին՝ 110.000, իսկ Արա Սարգսյանին, Դավիթ Դավիթավյանին և Պավել Վարդևանյանին՝ 100.000-ական դրամ օգնություն:
Ավագանու 2011թ. ապրիլի 13-ի թիվ 8 որոշումով Լորուտ գյուղի բնակիչներ Հրաչիկ Բախչինյանին հատկացվել է 40.000 դրամ, Վրեժիկ Գևորգյանին՝ 25.000 դրամ, Վարդան Սարգսյանին' 40.000 և Էդգար Բախչինյանին' 210.000 դրամ: Նույն մարդկանց ազգանուններով պատկառելի օգնություններ են բաշխել նաև 2011թ. մարտի 16-ի իր թիվ 3 և այլ որոշումներով:
Ավագանին 2012թ. փետրվարի 14-ի թիվ 4 որոշումով 1.070. 000 դրամի ուսման վճարներ է բաժանել Լորուտի «անապահով ընտանիքների բնակիչներին»: «Հիմնականում տալիս ենք ուսանողների վարձերը, փոխանցում ենք: Ընդամենը մի 3 հոգի էդտեղ դուրս են մնացել: Էդտեղ մի հատ Բախչինյան Հրանտ պետք է լինի'125.000 դրամ է օգնությունը: Մեկ էլ էն Դավիթավյան Անուշ կա, որոշումը կայացրել ենք, որ դրանց օգնենք որպես ուսանողի, իրանք էլ չեն իմացել, որ մենք պտի իրենց օգնենք, հետո տարել են փողը մուծել, դրա համար էլ դուրս են մնացել»,- ասում է Լորուտի համայնքապետ Հրաչիկ Սահակյանը:
Նա խոստովանեց, որ ավագանու որոշումներով օգնություն ձևակերպված ուսանողների ընտանիքների մեծ մասը բնավ էլ կարիքավոր չէ: «Իհարկե, ստեղ գյուղացիներն իրենց որոշակի հարկատեսակները փակում են: Հա, ասենք գյուղացին մի 150.000 դրամ բերում է հողի հարկ մուծում, վերջը մի բան անում է, դրա մի մասը օգնում ենք իրենց երեխեքի ուսման վարձը փակելու համար»,- բացատրեց համայնքապետը:
Վերջինիս ասելով՝ Լորուտում 10-12 ուսանող կա, սակայն ավագանին կարիքավորների իր ցուցակներով դրամական օգնություն է տվել 16-ին: Ցուցակներում օգնություն ստացողների ազգանունները կրկնվում էին, որի վերաբերյալ համայնքապետը հայտնեց. «Նույն մարդիկ են, տարվա մեջ երկու անգամ ենք տվել»:
Հրաչիկ Սահակյանը, ի պատասխան մեր այն հարցին, թե «գյուղացիները տեղյա՞կ են Ձեր հատկացրած օգնություններից», խնդրեց գյուղամեջում հավաքված գյուղացիներին չհայտնել տրամադրված գումարների մասին: «Ստեղ, որ ասում ես՝ փոխանցել ա, գյուղացիները հասկանում են օգնություն, իսկ որ ասում ես՝ էսքան փող ա ստացել, նշանակում է, որ ես փողը տվել եմ նրանց»,- ասաց նա:
Լորուտի բնակիչների մտահոգություններն ավելի ծանրակշիռ էին: «Գեղըմն ի՞նչ կա, որ ասեմ: Գեղըմ մարդ չկա, մարդ, քոչել են, հանրապետության ղեկավարությունը գեղերը քոչացրել ա: Երեք երեխա ունեմ, երեքն էլ Ռուսաստան են: Օգություն չկա, չենք կարում հողերը մշակենք: Վառելանյութը թանկացել ա, 10 կգ յուղ տես տալ, որ մի կանեստր բենզին առնես, մի ռեյս փետ բերես,- ասաց Զալիկո Ստեփանյանը և հավելեց:- Գեղըմը մի բուժկետ ունենք: Բուժկետի մի բուժքույրն ինչ կարա անի, եթե կշտին մի հատ ցավազրկման դեղ չկա: Գոնե մի հատ դեղատուն չկա, թե ցավդ բռնեց, թե ծննդաբերություն ա, ինչ ա, մինչև Վանաձոր հասցնեն, կմեռնես: Էլ ով երեխա կթողնի, որ ստեղ ապրի»:
Սեդրակ Սարգսյանն էլ դժգոհեց. «Ահռելի գեղ ա, մի հատ անասնաբույժ չունենք: Հարևանս սօրի ա տարել ծախել, 100 հատ խոզ ուներ, չիմ սատկել ա: Երբ ա վերացել մեր գեղըմը ժանտախտը: Էս պահին էլ կա: Անասունների դաբաղ էլ ա ըլում, ֆուկ էլ ա ըլում, խշխշուկ էլ ա ըլում, ոնց որ մարդն ա հիվանդանում, անասունն էլ ամեն ցավով հիվանդանում ա, բայց անասնաբույժ չունենք»,- հայտնեց Սեդրակը:
Լորուտն ունի 291 ծուխ և 1124 բնակիչ: Որպես գյուղացիների սեփականություն՝ համայնքապետարանում գույքագրված է 2300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մոտ 600 ոչխար և 400 գլուխ խոզ: Լորուտի համայնքապետ Հրաչիկ Սահակյանն ասաց, որ գյուղում անասնապահությունը զարգացած է, յուրաքանչյուր տնտեսություն 15-20 գլուխ պահում է, իսկ երեք տնտեսություն մեծ քանակով է պահում:
Նրա ասելով՝ մոտ 10-15 ընտանիք անասուն չունի: Լորուտը 400 հա վարելահող, 700 հա էլ խոտհարք ունի, որը, գյուղացիների ասելով, հիմնականում իբրև խոտհարք է օտագործվում: Գյուղացիները դժգոհեցին գյուղմթերքների իրացումից: Գյուղում գործող միակ պանրի արտադրամասը «Հրանուշ-Մերի» ՍՊԸ-ն է, որն օրվա մեջ 600 լիտր կաթ է մշակում: ՍՊԸ-ն գյուղացիներից կաթը գնում է լիտրը 120 դրամով, այն դեպքում, երբ Ալավերդիում կաթի 1 լիտրի շուկայական գինը 250 դրամ է:
Գյուղ մտնելուն պես աչքի է զարնում Լորուտի 3 կմ գյուղամիջյան ճանապարհների անբարեկարգ վիճակը: Համայնքապետ Հրաչիկ Սահակյանը դժգոհում էր, որ վերանորոգման խիստ կարիք է զգում նաև Լորուտի անասունների ամառանոց տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Դեռևս անլուծելի են գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, գյուղի մանկապարտեզի մշտահոս ջրի և երեխաների զուգարանի խնդիրները: Երկրաշարժից հետո կիսաքանդ վիճակում է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած, գյուղի մշակույթի տան կիսակառույց շենքը:
Լորուտը բազմաթիվ խնդիրներ ունի կուտակված, սակայն ունի նաև շատ աշխատասեր գյուղացիներ, ովքեր պատրաստ են բարեխղճորեն վճարել իրենց հարկերը, եթե մի փոքր ուշադրություն դսրսևորվի նրանց հոգսերի նկատմամբ: Սա է, վերջին հաշվով հարկահավաքության արդյունավետ ճանապարհը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել