HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ ժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին հարցեր՝ արցախյան հակամարտության հանգուցալուծման և ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Եկեղեցու և եկեղեցականության հետագա անելիքների վերաբերյալ։ 

Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Առկա պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորեցին համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները և բռնության դրսևորումները։ Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման և հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից։ Ըստ այդմ էլ՝ ընդգծվեց բարդ այս իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը միմիայն քաղաքական գործընթացներով, իրավասու և կարող ուժերի համընդհանուր ջանքերով։ Այս առումով շեշտվեց նաև Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ ի նպաստ ազգային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի զորացման։

Քննարկվել են զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ։

Վերջում ժողովականները վերստին իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Արցախ աշխարհի և համայն հայության անվտանգ և ապահով կյանքի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter