Դատախազությունը հիշեցնում է, որ ռազմական դրության պայմաններում հավաքների անցկացումը արգելված է
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ռազմական դրության պայմաններում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվում է: Դատախազության ամբողջական հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։
Պարզաբանում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է:
Պարզաբանվում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 307․1-րդ հոդվածով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։
Հետևաբար, բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին՝ 13։00-ին, Ազատության հրապարակում նախատեսված է 17 կուսակցությունների հանրահավաքը, և ըստ այդ կուսակցությունների խորհրդի՝ ներկայացնելու են «ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակից ելքը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել