
Մինչև այժմ Հայաստան է ժամանել ավելի քան 400 ռուս խաղաղապահ
Ռուսաստանի զինված ուժերի ԻԼ-76 ինքնաթիռները արդեն իսկ Հայաստան են տեղափոխել ավելի քան 400 ռուս խաղաղապահի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ներկայում ռազմատրանսպորտային ավիացիայի 20 ԻԼ-76 ինքնաթիռ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաների և 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների հետ վայրէջք է կատարել Հայաստանի Հանրապետությունում»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ արցախյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության համար կտեղափոխվի մոտ 2 000 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, ինչպես նաև 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ Խաղաղապահ առաքելության անձնակազմի մեծ մասը կլինեն Կենտրոնական զինվորական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները։
Նախարարության տվյալներով՝ հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների վերահսկողության համար, ռուսական դիտակետերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով և Բերձորի միջանցքով։ Խաղաղապահ ուժերի հրամանատարական շտաբը կլինի Ստեփանակերտում։ Դրանք տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։
Ավելի վաղ, երեք ռազմատրանսպորտային ինքնաթիռ հակամարտության գոտի էր տեղափոխել ավելի քան 80 խաղաղապահի, իսկ մինչ այդ Հայաստան էր ժամանել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարական կազմը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել