HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նվազեցնել պատերազմում անհայտ կորած զինծառայողին անհայտ բացակայող, մահացած ճանաչելու ժամկետները. նոր նախագիծ

Պաշտպանության նախարարությունն այսօր «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել։ Նախագիծը նպատակ ունի նվազեցնել սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին դատական կարգով անհայտ բացակայող, մահացած ճանաչելու ժամկետները:

Ըստ առաջարկվող փոփոխության՝ ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն կընձեռվի զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում։ Մեկ այլ փոփոխությամբ՝ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն կսահմանվի մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։

Նշենք, որ «Քաղաքացիական օրենսգրքով»՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան գտնվելու վայրի մասին։ Իսկ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:

Պաշտպանության նախարարությունը նախագծում նշել է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ առկա են անհայտ կորած զինծառայողներ և այլ քաղաքացիներ, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների ճշտումն անհնարին է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով:

«Այս առումով որևէ նախադրյալներ առկա չեն նաև, որ Ադրբեջանը կարող է փոխել իր գործելաոճը, ինչի արդյունքում օրենսգրքով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները որոշակիորեն խոչընդոտ են հանդիսանում ռազմական գործողությունների ժամանակ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ քաղաքացիների (ներառյալ՝ կամավորականների) իրավական կարգավիճակի հստակեցման և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացի համար»,- նախագծում նշել է ՊՆ-ն։

Նշենք, որ «Պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով՝ հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե` զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել: 

Մեկնաբանություններ (1)

Նվեր Հովսեփյան
Այս պարագայում երեք ամիսն էլ առավել ևս մեկ տարին էլ տրամաբանությունից դուրս են, որովհետև տվյալ զինծառայողի ընտանիքը, որում կան անչափահաս երեխաներ չի կարող սպասել մեկ տարի սոված, կերակրողին կորցրած ինչա թե իրա ընտանիքի կերակրողին դատարանը մահացած պետք է ճանաչի, որից հետո նոր ստանան ապահովագրման գումարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter