Շիրակի մարզում խիստ վտանգված 75 պատմամշակութային հուշարձան կա
«Չկարծեք հանկարծ, թե մենք պետբյուջեից շատ մեծ գումարներ ենք ստանում, Շիրակի մարզին էլ չենք հատկացնում: Ուզում եմ իմանաք, որ հուշարձանների պահպանման ու վերականգնման նպատակով ընդամենը 215 մլն դրամ է հատկացվում նախարարությանը, իսկ դա մեծ գումար չէ,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Հասմիկ Պողոսյանը: - Ձեր մարզում 75 վտանգված հուշարձաններ կան եւ այդ մասով մենք ակնկալում ենք ունենալ հստակ ծրագրեր»:
Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների պահպանության վիճակի եւ առկա խնդիրների վերաբերյալ տեղական եւ մարզային իշխանությունների, խնդրով մտահոգ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկման նպատակով մշակույթի նախարարության աշխատակիցները, նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, այսօր Գյումրիում էին:
Մշակույթի նախարարի հավաստմամբ՝ խնդիրների լուծման նպատակով իրենք փորձում են կենտրոնացնել միջազգային կառույցների եւ հիմնադրամների ներուժը, իրականացնել ծրագրեր նրանց միջոցներով, եւ որ Գյումրին այդ ծրագրերում «առաջնային տեղերում է»:
Մարզի եւ քաղաքի շուրջ 2600 պատմամշակութային հուշարձաններից 1000-ը հատուկ պաշտպանության տակ վերցված կառույցներ են, իսկ առաջնային ուշադրության կարոտ են 75 հուշարձան:
Հասմիկ Պողոսյանը հիշեցրեց, որ երկրաշարժից հետո մինչեւ 2005թ. բյուջեում հուշարձանների վերականգնման նպատակով երբեք գումարներ չեն առանձնացվել: Միայն մեկ տարի է՝ հուշարձանների պահպանության ու վերականգման նպատակով պետությունը հատկացրել է 520 միլիոն դրամ, այն էլ բաշխվել է խիստ անհամաչափ. առավել օգտվել է Արագածոտնի մարզը:
Հիմա էլ, ճիշտ է՝ ամեն տարի գումարներ առանձնացվում են այդ նպատակով, սակայն դրանք բավարար չեն՝ թեկուզ մեկ մարզի կտրվածքով խնդիրները լուծելու համար:
«Ինչ վերաբերում է Գյումրիին, ասեմ՝ երբ մենք խոսում ենք պատմական քաղաքների վերականգնման մասին միջազգային ասպարեզներում, առաջին տեղում Գյումրի քաղաքն է,- նշեց Հասմիկ Պողոսյանը: - Եվ ես կարծում եմ, եթե մեր բոլորիս ջանքերը միավորվեն` տեղական, պետական, միջազգային, ապա շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել՝ գոնե առաջնահերթություն պահանջող»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել