HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Արցախի հուշարձանների պահպանության մեխանիզմ առայժմ չկա

Զրույց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ

-ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հայտարարության համաձայն՝ Արցախի Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջաններն անցնելու են Ադրբեջանին: Այդ շրջաններում մինչև 500-700 արժեքավոր հուշարձան կա: Դրանք հայտնվելու են այն մարդկանց միջավայրում, որոնք Նախիջևանում ոչնչացրեցին հայկական մշակութային ներկայության բոլոր հետքերը: ՙԶինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին՚ կոնվենցիան ենթադրում է մշակութային արժեքների միջազգային պահպանություն: Դիմե՞լ եք միջազգային գործընկերներին՝ հնարավոր վանդալիզմը կանխելու ակնկալիքով:

-Հայկական Արցախի տարածքում գույքագրված է մոտ 5000 հուշարձան: Դրանց լուսանկարները, մեծ մասամբ, կան: Այս գործը կազմակերպել է թե՜ Արցախի Մշակույթի նախարարությունը, թե՜ լուսահոգի Սամվել Կարապետյանի ղեկավարած «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հիմնադրամ»-ը: Հիմա հարցն այն է, թե իրականում այդ հուշարձաններն ինչպե՞ս կպահպանվեն: Այս պահին հուշարձանների անվտանգությունն ապահովող մեխանիզմներ չկան, քանի որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է, չի նշում կամ դրան կից որևէ իրավական այլ ակտ, պայմանագիր չկա, որտեղ նշված կլինեն մեխանիզմները, կողմերի պարտավորությունները և իրավունքները: Դա չկա, և շատ անհասկանալի իրավիճակ է՝ ի վերջո, մարդիկ ինչպե՞ս են տարհանվելու, ո՞վ է փոխհատուցելու այս մարդկանց , ինչպե՞ս են մշակութային արժեքները, որոնք  անշարժ հուշարձաններ են, մնալու այնտեղ և ի՞նչ ճակատագիր է դրանց սպասվում: Հատկապես, որ ունենք Նախիջևանի օրինակը: Միակ բանը, որը շատ հիպոթետիկ կարող է թշնամուն ետ պահել մշակութային բարբարոսությունից, միջազգային կոնվենցիաներն են, որոնց նրանք ևս միացել են: Բայց ի՞նչ կոնվենցիա, ի՞նչ բան, ինչի՞ մասին ենք հիմա խոսում: Այս պահին մեր մշակութային կոթողների պահպանության որևէ երաշխիք չկա, և չկա որևէ մեխանիզմ՝ այդ երաշխիքներն ունենալու:

- Միջազգային կառույցների արձագանքին թեև սպասում ենք, բայց և հասկանալի է, որ գործնականում կանխել վանդալիզմը նրանք չեն կարող:  2015-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում և Իրաքում ոչնչացրեցին Մոսուլի կենտրոնական գրադարանը, քրիստոնեական գերեզմանները, Իրաքում հնագույն Խատրա քաղաքի ավերակները, Սիրիական Դերաա քաղաքի ալ Օմարի մզկիթը: Աշխարհը ախուվախ արեց, և վերջ:

- Մեր հայրենիքի մի մասն անցավ մեր թշնամուն, և իրավատերը նրանք են: Եվ հուշարձաններն էլ, բնականաբար, համարվելու են նրանց ինքնիշխան տարածքի հուշարձաններ: Ըստ կոնվենցիաների՝ նրանք պիտի պարտավորություններ ունենան: Պարտավորությունները թղթի վրա գրված բաներ են, բայց կյանքը բացարձակ այլ բան է ցույց տալիս: Գործում է Հաագայի կոնվենցիան «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին», որը հորդորում է զինված բախումների ժամանակ դիտավորությամբ չվնասել հուշարձանները: Բայց չճանաչված էր մեր հայրենիքի այդ հատվածը, և սա չէր ներառված, թեև մենք առաջարկել ենք, որ հատուկ բանաձև ընդունվի աշխարհում չճանաչված պետությունների մշակութային ժառանգության պահպանության մասին: Բայց դեռ ոչինչ չկա:

- Արցախը չճանաչված պետություն է, բայց անգամ ճանաչված տարածքներում արժեքավոր հուշարձանները ոչնչացվում են: 1998թ.-ից ՀՀ ԱԳՆ-ն դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման  մասին: Սակայն 2005-2006-ին Ջուղայի հայկական գերեզմանոցի 9-16-րդ դարերի խաչքարերը շինտեխնիկայի միջոցով ոչնչացվեցին:

- Նախիջևանը կոնկրետ պետության տարածքի մաս է համարվում: Միջազգային արձագանք, ասենք, եղավ: Հետո՞ ինչ: Ո՞վ ինչ պատասխանատվություն կրեց: Միջազգային կառույցների սրտաճմլիկ արձագանքներն անիմաստ են, եթե կոնկրետ գործողություններ չեն հաջորդում վանդալիզմի դեպքերին:

-Հայաստանում, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալների, կա ադրբեջանական 69 գերեզմանատուն, 52-ն էլ՝ Արցախի Հանրապետության տարածքում: Դրանք, քիչ բացառություններով, հիմնականում պահպանված են կամ եթե պահպանված էլ չեն, սողանքների կամ առանց խնամքի մնալու պատճառով:

-Մենք քաղաքակրթական բացարձակ այլ ծագում ունենք և այլ ճանապարհ ենք անցել, այսինքն՝ մեզ պետք չի համեմատել տափաստաններից եկած բարբարոսների հետ, ինչքան էլ նրանք պետություն ունեն: Մենք ունենք ժառանգաբար մեզ անցած մշակույթ: Ովքեր մշակույթ չունեն և քաղաքակրթությունից դուրս են, ունեն խանդ ու ատելություն՝ մշակութային մեծ ճանապարհ ու ժառանգություն ունեցող ազգերի հանդեպ:

- Հնագետները կարծում են, որ Ադրբեջանը Արցախի հուշարձանները կփորձի ներկայացնել իբրև աղվանական և կպնդի, թե իրենք էլ աղվանների հետնորդներ են:

- Այո, և լավ էլ գումար կաշխատեն՝ ներկայացնելով իբրև իրենցը: Բայց սա այդպես է, որովհետև մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինենք:

-ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն իր արշավախմբով Տիգրանակերտի պեղումներ էր իրականացնում: Այդ աշխատանքն ընդհատված է: Որևէ ձևով հնարավո՞ր է շարունակել այն: Դիցուք՝ միջազգային որևէ արշավախմբի հետ:

- Այս պահին չեմ կարող ասել: Կառավարությունը, եռակողմ այս թղթի տակ ստորագրածները պիտի այս հարցերը կարգավորեն: Այո, եթե պայմանագիր ստորագրվի, մեխանիզմներ նշվեն, գուցե համատեղ արշավախմբեր կարողանան շարունակել պեղումները, ինչպես Արևմտյան Հայաստանում: Բայց մենք այդ մի թղթից բացի՝ ոչինչ չունենք այս պահին: 

- Ծրագրավորողները սոցցանցում առաջարկում են ՀՀ ԿԳՄՍՆ-ին՝ հնարավորինս արագ կազմակերպել Արցախի մշակութային կոթողների վավերագրական ու տեխնիկական մանրակրկիտ տեսա-լուսանկարահանում, չափագրում ու 3D մոդելավորում, ստեղծել վիրտուալ ճամփորդություններ:

- Ծանոթ չեմ այդ առաջարկին: Շատ հուշարձաններ ունեն լուսանկարներ, կասկածում եմ, որ տեսանկարահանված են: Եռաչափ մոդելավորում կարելի է լուսանկարների հիման վրա անել: Բայց հիմա դա անել, երևի թե, հնարավոր չէ: Ֆիզիկապես այնտեղ լինելու իրավունք չունենք մենք:

-Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը կարող է դիմել իր գործընկեր կառույցներին՝ կանխելու Արցախի պատմական հուշարձանների հնարավոր ոչնչացումը:

- Սկզբում ասացի, որ այս թղթի հիման վրա միջազգային կառույցներին որևէ դիմում հնարավոր չէ անել: Խոսքը երեք ստորագրությամբ այդ թղթի մասին է: Սրա տակ պիտի լինեն մեխանիզմներ: Միայն դրանից հետո կարող ենք դիմել: Որևէ մեկը մեր դիմումը, խնդրագիրը չի ընդունի, քանի դեռ հստակեցված չեն իրավունքներն ու պարտականությունները: Այսօր մի քիչ ավելի ուշ, գիտեմ, որ հոգևորականները, մշակութային գործիչները հավաքվելու են, ես էլ ներկա կլինեմ, Ռուսաստանի մշակույթի նախարարությանը կամ չգիտեմ՝ էլ որտեղ, պիտի դիմենք, որ Արցախում գտնվող զորքերը լավ աչքով նայեն մեր հուշարձաններին … Շատ-շատ վիրավորական է, անկեղծ ասած, չեմ կարողանում խոսել: Դա կլինի հոգևորականների, մտավորականների խնդրանք, աղաչանք, պաղատանք: Սա է խնդիրը: Երբեք աղաչանքն ու պաղատանքը ուժ չի ունենում, հասկանու՞մ եք: Հզոր խոսք պիտի լինի, պետությունն ինքը պիտի դա անի: Մենք կարող ենք տարբեր կառույցների, ՀԿ-ների գրել: Գրեցինք, հետո ի՞նչ: Առանց այդ էլ թուլացած ենք, ընկճված … Կներեք ինձ: Կգրենք, դա էլ կգրենք՝ նամակ ռուսաց թագավորին: Այս պահին չունենք ոչինչ՝ կոնվենցիաներից բացի, որոնց տակ նրանք էլ են ստորագրել: Ողբերգությունն ու զավեշտն այն է, որ մնացել է ընդամենը երեք օր: Եվ ոչ մի օր ավել, բայց որևէ մեխանիզմ չկա, և չգիտեմ՝ մտածվու՞մ է սրա մասին, թե՞ ոչ:

-Դուք պետական գերատեսչության փոխնախարար եք և կարող եք այս հարցը ներկայացնել կառավարությանը:

-Ճիշտ եք. եթե ստացվի…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter