Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի պատվիրակությանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին :
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանում Գերմանական կարմիր խաչի ծավալած գործունեության համար: Նա բարձր է գնահատել բարեգործական բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնել և իրականացրել է կազմակերպությունը' մատնանշելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկար տարիներ գործող բարեգործական ճաշարանի օրինակը:
Կառլ-Հայնց Շայդեն, իր հերթին քաղաքապետին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է կազմակերպության կողմից Երևանում իրականացվող բարեգործական ծրագրերը ու նշել, որ ամեն տարի հոկտեմբերից մինչև ապրիլ մայրաքաղաքի սոցիալապես անապահով ավելի քան 300 շահառու ընտանիք օգտվում է «Գթության խոհանոց» և «Տնային խնամք» ծրագրերից:
Կառլ-Հայնց Շայդեն նաև շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին կազմակերպության հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Իսկ Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանը կշարունակի հնարավորինս աջակցել բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել