HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Հովհաննիսյան. «Բարդագույն իրավիճակն ունի պարզ բանաձևեր»

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը փաստեց, որ իրենք, ցավոք, համարժեք չեն իրականությանը։ Ձևակերպումները և շեշտադրումները արհեստականորեն շեղելու փորձերը միայն կարող են բարդացնել իրենց իսկ վիճակը։

Բանաձև առաջին. Տարանջատում հանուն անձնական փրկության

«Իմ քայլ»-ի պատգամավորներն այսուհետ ունեն մեկ անելիք՝ դուրս գալ խմբակցությունից և ԲՀԿ, ԼՀԿ հետ խաղաղ հանդարտ աշխատանքային պայմաններում քննարկեն անելիքները։ Ուրիշ անելիք չկա։

Հակառակ պարգայում նրանց հաջորդ հայտարարությունը լինելու է Միլի Մեջլիսի կազմ մտնելու խնդրագիրը։

Բանաձև երկրորդ. Նոր բանակցող՝ նոր բանակցություններ

Հայաստանին առաջիկայում սպասում են բարդ բանակցություններ. սա որքան էլ լինի ցավոտ ու կապիտուլացիոն հրադադար, միևնույն է՝ հրադադար է։ Խաղաղության մեծ պայմանագիրն ունենալու է բազմաթիվ դետալային կետեր և բազմաթիվ նուրբ հնարավորություններ՝ հայկական կողմի համար քիչ թե շատ իրավիճակը շտկելու համար։ Բայց դրա համար պետք է լինելու նոր բանակցող՝ այլ կալիբրի, այլ մտահորիզոնի և այլ ունակությունների։

Բանաձև երրորդ. Պայքարը ռուսների և խաղաղապահների դեմ չէ

Հանուն աթոռի՝ Փաշինյանն ամեն կերպ փորձ է անում խեղաթյուրել համազգային ընդվզման բովանդակությունը, դա պարզորոշ երևում է «Իմ քայլի» հայտարարությունից։ Պայքարը, ընդվզումը Ռուսաստանի դեմ չէ, ռուս խաղաղապահների դեմ չէ։ Այս ազգային ընդվզումը Փաշինյանի՝ ժամ առաջ հրաժարականի համար է, անցումային իշխանություն ձևավորելու, երկրում կրքերը հանդարտեցնելու և մի զգալի խումբ ծայրահեղ բարդ խնդիրները լուծելու համար է։ Խնդիրներ, որոնք ողջ ծավալով կանգնելու են մեր առաջ՝ հարցականի տակ դնելով պետականության գոյությունը։

Բանաձև չորրորդ. Իրավապահների միակ ֆունկցիան օրինականության ապահովումն է

Փաշինյանի հրահանգով սկսվել են ձերբակալություններ։ Իրավապահները չունեն որևէ մոտիվացիա՝ ենթարկվելու անօրինական հրամանների։ Անօրինական ձերբակալությունները միայն և միայն ռադիկալացնելու են փողոցը և հանգեցնելու են ամենաանցանկալի պրոցեսների։ Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, և իրավապահները, քաղաքական ուժերի հետ աշխատանքային խողովակներ ձևավորելով, պետք է ապահովեն մեր երկրի ներքին անվտանգությունը։

Բանաձև հինգերորդ. Բացառել բռնությունը

Իշխանության ներկայացուցիչների, «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ բացառել բռնությունը։ Դա որևէ արդարացում չունի։ Այս խնդրի ապահովումը թե´ իրավապահների պարտականությունն է, թե´ քաղաքական ընդդիմության. սա պետք է լինի հանրային հստակ պահանջ։ Սա պահանջում է նաև «Իմ քայլի» և իշխանության ներկայացուցիչների ընդգծված լրջությունը և իրավիճակի համարժեք գնահատում։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter