HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Նորաշեն 2007»-ի ղեկավարներին դատում են մյուս ամբաստանյալներից առանձին

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը: Այս փուլում դատարանն առայժմ լսում է տուժողներին, որոնց թիվը կազմում է շուրջ 300: Գործը քննում է դատավոր Վազգեն Ռշտունին, մեղադրանքը հիմնականում ներկայացնում է ավագ դատախազ Հարություն Հարությունյանը:

Նախորդ դատական նիստում դատարանը որոշել է բավարարել ներկայացված միջնորդությունը եւ գործից առանձնացնել ամբաստանյալներ Ցոլակ Պետրոսյանին, Արտակ Մարտիրոսյանին, Վարդան Օհանյանին ու Դավիթ Երեմյանին վերաբերող մասը: Եվ այժմ ընթացքի մեջ գտնվող գործը շարունակվում է միայն կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանի մասով: Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 178 (խարդախությունը) եւ 205 (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածներով, իսկ Սամվելյանին՝ միայն 178-ով:

Այսօրվա դատական նիստը նշանակված էր ժամը 12-ին, սակայն սկսվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ ամբաստանյալներին կալանավայրից ուշ տեղ հասցրին: Դատավոր Ռշտունին շուտ մտավ նիստերի դահլիճ եւ ստիպված եղավ շուրջ 40 րոպե սպասել:

Դատական նիստի ընթացում 79-ամյա տուժող Կառլեն Պետրոսյանը պատմեց, որ Արմեն Թադեւոսյանի հետ կնքել է 3 բնակարանի պայմանագիր, դրանց համար վճարել է ավելի քան 49 մլն դրամ, սակայն հետո իմացել է, որ Արմենը տոկոսով գումար է վերցրել երեք անձանցից եւ բնակարանները գրավադրել է վերջիններիս մոտ ու որպես երաշխիք կնքել առքուվաճառքի պայմանագիր: Տուժողը հայտնեց նաեւ, որ բնակարաններից երկուսն այժմ վերադարձված են իրեն, ինքն ունի դրանց սեփականության վկայականները եւ այժմ պահանջում է վերադարձնել նաեւ երրորդ տունը:

Դատարանում նմանատիպ ցուցմունքներով հանդես եկան նաեւ այլ տուժողներ, որոնք նշում էին, որ իրենց բնակարանները գումար ստանալու դիմաց կոոպերատիվի ղեկավարությունը գրավադրել է պարտատերերի մոտ ու նրանց հետ կնքել առքուվաճառքի պայմանագրեր:

Հավելենք, որ, ըստ քրեական գործի, հենց այսպիսի «մարտավարությունն» է եղել «Նորաշեն 2007»-ի ղեկավարների գործունեության հիմնական ուղղվածությունը, ինչի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են իրենց բնակարաններից ու բազմաթիվ փորձությունների միջով անցել՝ դրանք վերադարձնելու համար: Մի մասն էլ ընդհանրապես առայսօր զրկված է դրանցից, քանի որ Թադեւոսյանի ու Սամվելյանի պարտատերերը կամ ասում են, որ առնչություն չունեն այս քաղաքացիների հետ, քանի որ բնակարանները գնել են կոոպերատիվից, կամ բանակցությունների մեջ են մտնում շահառուների հետ ու հավելյալ գումարներ պահանջում՝ տները վերադարձնելու համար:   

Նմանատիպ մի քանի պարտատերերի մասին «Հետքն» արդեն գրել է. ԱԺ պատգամավոր, պետեկամուտների կոմիտեի «վերին» աշխատակիցներ, ՊՆ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյա… Առաջիկայում կներկայացնենք սրանցից մեկին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter