
Շենգավիթի դատարանի հետնամասում տուն են քանդում. ընտանիքը դիմադրում է
Այս պահին Արշակունյաց պողոտայում գտնվող Շենգավիթի դատարանի հետնամասի տարածքում շինարարները, քաղաքապետարանի միջնորդությամբ, քանդում են Նաջարյան ընտանիքի կիսակառույց տան պատերը: Շինարարներն արդեն քանդել են տանիքը և պատուհանները:
Ընտանիքը դիմադրում է, որ պահպանի կիսակառույցի պատերը: Նաջարյանների ընտանիքը բաղկացած է 6 հոգուց, այդ թվում՝ 1,8 տարեկան երեխա և հղի կին՝ Անիկ Նաջարյանը, որոնք այս պահին տարածքում են: Տարածքում է նաև ավելի քան 10 ոստիկան, որոնք չեն միջամտում տեղի ունեցողին:
Քաղաքապետարանը պնդում է, որ ընտանիքն ապօրինի շինություն է կազմակերպել համայնքային սեփականության հանդիսացող տարածքում, չունի քաղաքաշինական փաստաթղթեր և իրավաբանական հիմքեր: Անիկ Նաջարյանի խոսքերով՝ քանդողներն ընտանիքի անդամներին ներկայացել են որպես քաղաքապետարանի ներկայացուցիչներ և հայտնել, որ իրենք ամեն ինչ անելու են, որ շինությունը քանդվի:
Անիկ Նաջարյանը «Հետքին» ասաց, որ երեկ գնացել է քաղաքապետարան, դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանին տարածքի սեփականաշնորհման հարցով: Վերջինը պատասխանել է, որ առաջիկա օրերի ընթացքում պատասխան կտա: Սակայն այսօր արդեն քաղաքապետարանի ներկայացուցիչները եկել են՝ քանդելու տունը:
Անիկ Նաջարյանը պատմում է, որ տան պատուհանները քանդելիս երեխան եղել է տան ներսում: Շինարարները շարունակել են քանդել շենքը՝ առանց հաշվի առնելու այդ հանգամանքը: Անիկի խոսքերով՝ պատուհանը գրեթե փշրվել է երեխայի վրա:
Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը «Հետքին» ասաց, որ երբ ՄԻՊ արագ արձագանքման խումբը դեպքի վայրում էր, երեխային որևէ վտանգ չէր սպառնում:
«Բոլորն էլ դրսում են եղել, ներսում մարդ չի եղել: Կարծում եմ, որ այդ տանը մնալ հնարավոր չէ, 4 պատ է: Այդ տանը մնալը նույնն է, ինչ դրսում մնալը»,- ասաց Նաիրա Կարմիրշալյանը:
Նաջարյանների ընտանիքը նույն թաղամասում ունի մեկ սենյականոց բնակարան, որտեղ ապրում էր նախկինում: Ընտանիքի հայր Կարեն Նաջարյանը ասաց, որ 1 սենյականոց բնակարանը չափազանց փոքր էր 6 հոգով ապրելու համար, այդ պատճառով էլ տուն էին կառուցում դատարանի հետնամասում:
Ըստ Նաիրա Կարմիրշալյանի ունեցած տեղեկությունների՝ քաղաքապետարանը մի քանի օր առաջ ընտանիքից պահանջել է քանդել շինությունը: Ընտանիքն ասել է, որ կքանդի տունը, բայց չի քանդել:
Մեկնաբանել