
Պատերազմի «շտապ օգնությունը»
Ռազմական գործողությունների 45 օրերի ընթացքում Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին ժամացույցի ճշգրտությամբ անընդհատ շտապ օգնության մեքենաներ էին շարժվում։ Նրանք տեղափոխում էին մարտադաշտում վիրավորված զինվորներին։
Շտապ օգնության մեքենաների բժիշկներն ու վարորդներն այդ վտանգավոր և ծանրաբեռնված գործին լծվել էին կամավոր հիմունքներով։ Նրանք օրական մի քանի անգամ՝ անկախ օրվա ժամից, հրետակոծության ուժգնությունից և օդային տագնապի հաճախականությունից, մեծ արագությամբ անցնում էին 6-7 ժամ տևող ճանապարհը և հասցնում վիրավորներին հիվանդանոցներ։
Մեր նկարահանող խումբը միացավ Արցախ մեկնող շտապ օգնության բրիգադներից մեկին՝ նրանց աշխատանքը լուսաբանելու։
Անահիտ Հունանյանն աշխատում է Քովիդ-19 վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» կենտրոնում, ռադիոլոգ է։ Համավարակի բռնկման օրերից արտակարգ ռեժիմով է աշխատում։ Պատերազմի սկսվելուն պես կամավորագրվել և իր հանգստյան օրերին ուղևորվել է Արցախ։ Պատմում է, որ վերջին մեկ ամսում իր 8-ամյա որդուն միայն քնած ժամանակ կամ նոր արթնանալիս է տեսել՝ կարճ ժամանակով։ «Ոչինչ, սովոր է, գիտի, որ այդպես է պետք»,- ասում է Անահիտը։
Դեռ ճանապարհին Անահիտը սկսեց նախապատրաստել մեզ. «Գիտեք, չէ՞, որ հենց որևէ բան նկատվեց, մեքենան կանգնելու է, ու բոլորս արագ բացելու ենք դռները, դուրս գալու մեքենայից ու փորձելու պատսպարվել ապահով մի տեղ»։
Ստեփանակերտ դեռ չէինք մտել, երբ մեքենան կանգնեց։ Արեցինք, ինչպես Անահիտն էր ասել։ Մի քանի րոպե մթության մեջ պատսպարվելուց հետո լսվեց վարորդի ձայնը. «Շարժվեցինք»։ Արցախի մայրաքաղաք մտնելուն պես միացավ օդային տագնապը, մեքենան կրկին կանգնեց, կրկին պատսպարվեցինք, կարճ ժամանակ անց շարժվեցինք։
Բժիշկների բրիգադը չէր ցանկանում նույնիսկ մեկ րոպե ավելի ծախսել ճանապարհին. վիրավորներին պետք էր շտապ հասցնել հիվանդանոց։
«Լավ թիմը կարևոր է. ես ինձ ուժեղ եմ զգում թիմակիցներիս հետ»,- ասում է Անահիտը՝ նայելով տղաների կողմը։
Բուժակ, օրդինատոր Մանվել Մարտիրոսյանը մշտապես հանգիստ է, ամենալարված պահերին անգամ ժպտում է։ Ասում է՝ իմ մասին նյութ չեք կարող գրել, ես բան չեմ պատմելու։ Իսկապես, բրիգադի հետ անցկացրած երկու օրվա ընթացքում Մանվելը գրեթե չխոսեց։
Շտապ օգնության վարորդը՝ Արման Հայրապետյանը, նույնպես քչախոս էր։ Ամիսներ շարունակ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։ Արմանն անընդհատ կարծես հսկելիս լիներ բոլորի անվտանգությունը։
Վիրավոր զինվորներին հիվանդանոց հասցնելուց հետո Արմանը լուսադեմին տուն է հասցնում Անահիտին, հետո՝ Մանվելին, ապա ուղևորվում տուն. առավոտյան պիտի գրկի երեք երեխաներին և կրկին շտապի աշխատանքի։
Անի Ղուլինյան, Սոնա Ներսեսյան
Հետք Մեդիա Գործարան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել