HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արցախի վրա հարձակումը գլխավորած թուրք գեներալները. «Взгляд»-ի հետաքննությունը

Միջազգային վերլուծաբաններն ամփոփում են Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընթացած ռազմական գործողությունները։ Ուշադրություն է հրավիրվում հատկապես թուրք զինվորականների դերակատարության վրա, այդ թվում՝ անօդաչուների կառավարման տեսանկյունից։ Ռուսական «Взгляд» պարբերականը հետաքննություն է իրականացրել է, որտեղ ներկայացնում է ադրբեջանական բանակի գործողությունները գլխավորած թուրք գեներալներին։

Մի քանի շաբաթ առաջ ռուսական և ադրբեջանական որոշ պարբերականներ հայտնել էին, որ Ադրբեջանում պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովը։ Որոշ պարբերականներ նույնիսկ գրել էին, թե Սադիգովը ձերբակալվել է։ Վերջինս, իբր, մեղադրվում էր դավաճանության և ռուսական ռազմական հետախուզության հետ համագործակցության մեջ։ Ընդ որում, նշվում էր, թե գեներալը դեմ է արտահայտվել Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար կազմում թուրքական կոնտինգենտի տեղակայմանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել էր գլխավոր շտաբի պետի ձերբակալության մասին լուրը։ Սակայն, վերջինս մինչ օրս չի երեւացել լայն հանրությանը, իսկ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքէջից հեռացվել է նրա էջը։

«Թուրքերին տալ բանակն ու սեփական կանանց»

Գեներալ Սադիգովի դիրքերը վաղուց են խարխլվել Ադրբեջանում։ Դեռ ամռան կեսերին մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Ադրբեջանի իշխանություններն ընկել են գլխավոր շտաբի պետի հետևից։ Ընդգծվում էր նրա՝ Դերբենդ քաղաքում ծնված լինելը և լեզգիական ծագումնաբանությունը, նշվում էր, որ Սադիգովը վատ է տիրապետում ադրբեջաներենին և բարեկամներ ունի Ռուսաստանում։ Բացի այդ, որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ Սադիգովի ազգականը, իբր, ծառայել է Հայաստանի տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայում։

Այս ամենը վկայում է այն մասին, որ ադրբեջանական բանակում առկա է լուրջ պառակտում։ Այդ պառակտումն առկա է վաղուց, սակայն ռազմական գործողություններն էլ ավելի են խորացրել և սրել իրավիճակը։ Ադրբեջանական զինված ուժերում թուրք խորհրդականների առկայությունը հին պրակտիկա է։ Նրանք պատասխանատու էին անձնակազմի ուսուցման և վերազինման համար, սակայն մարտական գործողությունների մեկնարկից ի վեր նրանք զբաղեցրել են նաև դոմինանտ պաշտոններ։ Այս հանգամանքը ոչ բոլորին է դուր եկել։ Որոշ լրատվամիջոցներ Սադիգովին էին վերագրել այն արտահայտությունը, որը վերջինս արել էր խորհրդակցություններից մեկի ժամանակ. «Եթե մենք թուրքերին տալիս ենք բանակը, միգուցե մեր կանա՞նց էլ տանք»։

Ադրբեջանական բանակն այսօր ազատվում է այն սպաներից և գեներալներից, որոնք իրենց ծառայությունը սկսել են դեռ Խորհրդային Միությունում, սովորել են խորհրդային ռազմական ինստիտուտներում և հնարավոր է, որ ունենան ընկերներ հետխորհրդային մյուս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում։ Հիմնական պաշտոններում նշանակվում են այն անձինք, որոնք ուսում են ստացել կամ վերապատրաստվել Թուրքիայում։ 

«Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման պետ, գեներալ մայոր Բահթիյար Էրսայի գլխավորած խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական գործողությունների կազմակերպմանը»,- «Взгляд» պարբերականին պատմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմին մոտ կանգնած աղբյուրը։ Հասկանալի պատճառներով պարբերականը չի հրապարակել նրա անունն ու ազգանունը։ «Էրսայը գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովի պաշտոնազրկումից հետո նա անձամբ է համակարգում Լեռնային Ղարաբաղի հարցերով գլխավոր շտաբի օպերատիվ աշխատանքը։ Ռազմական գործողության ընթացքի մասին նա հաշվետու է Թուրքիայի ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարությանը»,- շարունակել է աղբյուրը։

Ռազմական գործողության մշակմանը մասնակցել է նաև Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը։ Թուրքական այս զորամիավորումը տեղակայված է Թուրքիայի արևելքում՝ Երզնկայում (Էրզինջան)։ «Նա ժամանել է Ադրբեջան սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ դրանից առաջ՝ ամռանը։ Օնգայը և թուրք մի քանի այլ գեներալներ իրականացրել են թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման օպերացիայի պլանավորումը»,- հավելել է «Взгляд»-ի զրուցակիցը։ 

Պատերազմի պլանավորմանը գեներալներ Էրսայի և Օնգայի մասնակցությունը հաստատել է նաև պարբերականի՝ Բաքվի մեկ այլ անանուն աղբյուր, որը նախկինում եղել է բարձրաստիճան դիվանագետ։ «Իմ տվյալներով՝ Էրսայը համարվում է Ղարաբաղում ողջ օպերացիայի ռազմական ղեկավարը»,- նշել է նա։

Ապստամբներից դեպի պարտիզանների դեմ մարտիկ

Գեներալ Էրսայը փակ և ոչ հանրային կերպար է։ Մինչ այս պահը նա չի հիշատակվել ռուսական և անգլալեզու լրատվամիջոցներում։ Թուրքական մամուլում Էրսայի վերաբերյալ առկա է միայն մի քանի գրառում։

Էրսայի մասին դեռ 2016 թվականի օգոստոսին պատմել է թուրքական «Hürriyet» պարբերականը։ 2003 թվականին հետախուզության սպա Էրսայը մասնակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպված ռազմական դավադրության փորձին, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Զինվորականների դավադրությունն այն ժամանակ ստացել էր «Կվալդի ռազմագործողություն» անվանումը։ Դավադրության վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնազերծվել է միայն 2010 թվականին։ Էրսայը ձերբակալվել և դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման, սակայն դատավճռից հետո նրան ներում է շնորհվել։ Թուրքական իշխանությունների այդ որոշման պատճառը մինչ օրս հայտնի չէ։ Որոշ տվյալներով՝ Էրսայը գործարքի էր գնացել և ցուցմունք տվել դավադրության մյուս մասնակիցների դեմ։

Այսպես, թե այնպես, պատժամիջոցի փոխարեն նա ստացել է բրիգադի գեներալի կոչում և ուղարկվել «քրդական ռազմաճակատ»։ Նա ղեկավարել է Commando 2-րդ բրիգադը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիայի հյուսիսում Քուրդիստանի բանվորական կուսակցության ռազմական կազմավորումների դեմ գործողություններին։ Նրա գլխավորած բրիգադը ոչնչացրել է մի քանի հարյուր քրդերի, իսկ Էրսայը դարձել է «հակապարտիզանական պատերազմի» մասնագետներից մեկը։

«Այն ամենը, ինչ նրանց մասին գիտեմ, այն է, որ նրանք պատժողներ են։ Նրանք շատ դաժան էին գործում, այդ թվում՝ այն խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնք համակրում էին Քուրդիստանի բանվորական կուսակցությանը։ Գերիներ չէին վերցնում, ինչը թուրք զինվորականների համար սովորական բան է։ Զինծառայողների շրջանում կային բազմաթիվ կամավորականներ, եղել են նաև «Գորշ գայլեր»։ Բրիգադը վատ հեղինակություն ունի»,- «Взгляд» պարբերականին պատմել է հոլանդական ձախ արմատական «Սոցիալիստական այլընտրանքային քաղաքականություն» կուսակցության ակտիվիստ Ալբերտ Բարին, որը 2010-ական թվականների կեսերին, մի քանի այլ եվրոպացիների հետ, միացել էր Քուրդիստանի բանվորական կուսակցությանը։

«Hürriyet» պարբեականի տվյալներով՝ Էրսայը նաև մասնակցել է Լիբիայում ծավալվող գործողություններին։ Մասնավորապես, նա պատասխանատու է եղել Մուամար Քադաֆիի ռեժիմի անկումից հետո Լիբիայից Թուրքիայի քաղաքացիների տարհանման համար։ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական կենտրոնի ուսումնական սեմինարներին։ 2019 թվականի օգոստոսին «Haber» մեդիահոլդինգը հայտնել է, որ Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհուրդը Էրսային շնորհել է գեներալ-մայորի կոչում։

Գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայի մասին բաց աղբյուրներում առկա տվյալները խիստ սակավաթիվ են։ Նա 1982 թվականին ավարտել է Անկարայի ռազմական ակադեմիան, ծառայել ցամաքային զորքերի տարբեր զորամասերում։ 2014 թվականին նշանակվել է 9-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում։ Որոշ ժամանակ եղել է Թուզլայի հետևակային դպրոցի պետ։

«Взгляд» պարբերականի զրուցակցի խոսքերով՝ Ադրբեջանում թուրք գեներալների աշխատանքը սպասարկում են մոտ 200 զինվորական խորհրդականներ։ Նրանք չեն գտնվում առաջնագծում, այլ զբաղված են կազմակերպչական և շտաբային աշխատանքներով։ Թուրքական մասնագետների կարիքների համար ծավալվել են արբանյակային հատուկ կապի երկու կայաններ՝ Բաքվում և Գաբալայի ռազմական օդանավակայանի տարածքում։ Ադրբեջանցի զինվորականներին արգելվում է օգտվել այդ կայաններից։ Նրանց հրամայվել է նաև իրականացնել թուրք խորհրդականների բոլոր ցուցումներն ու ցանկությունները, չվիճարկել նրանց որոշումներն ու չհակաճառել։ Սա հաճախ դժգոհություններ է առաջացրել Ադրբեջանի սպայակազմի մոտ։

Օդային անօդաչուների գեներալը

Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների իրականացմանը մասնակցած թուրք գեներալների թվում է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի մատակարարման և տեխնիկական սպասարկման 1-ին կենտրոնի պետ, գեներալ-մայոր Գյոքսել Քահյան։ Նախօրդ կիրակի՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի հետ։ Հանդիպման մանրամասները չեն հրապարակվել։ Գյոքսել Քահյան նույնպես մասնակցել է բանակցություններին։ Պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել, սակայն նրան նույնականացրել էր «Razm.info»-ն։

Հետաքրքրական է, որ սա Քահյայի երկրորդ հանդիպումն է Ալիևի հետ։ Առաջինը տեղի էր ունեցել օգոստոսին։ Այդ ժամանակ նշվել էին հանդիպման բոլոր մասնակիցների անունները, բացի Քահյայից։ Այն ժամանակ էլ նրան նույնականացրել էր «Nagorno Karabak Observer»-ը։ «Взгляд»-ի տվյալներով՝ Քահյան դեռ հուլիսից գտնվում է Ադրբեջանի տարածքում։ 

Մինչ Ադրբեջան ժամանելը, Գյոքսել Քահյան նախորդ տարվա գարնանը և ամռանը Լիբիայում ղեկավարում էր Անվտանգության և գործողությունների համաշխարհային կենտրոնի աշխատանքները, որի խնդիրն էր կառավարել թուրքական Bayraktar TB2-ները՝ Ազգային համաձայնության կառավարության զորքերի աջակցության համար, որոնք դիմակայում էին ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարին: Թուրքական արտադրության այս անօդաչուների կիրառման արդյունավետությունը շրջադարձային էր։ Լիբիայի անցումային ազգային խորհրդի ուժերը կանգնեցրել էին Հաֆթարի առաջխաղացումը, չնայած վերջինս արդեն պատրաստ էր Տրիպոլիի պաշարմանը։ Ռազմաճակատի որոշ հատվածներում նրանց նույնիսկ հաջողվել է կազմակերպել հակահարձակում և հետ գրավել մերձափնյա Սուրման, Սաբրաթահ և Ալ Այալաթ քաղաքները։

Քահյայի մասնակցությունը գաղտնի էր պահվել, երբ Հաֆթարի բանակը գերեվարել էր թուրք մի քանի ռազմական խորհրդականների և իր տրամադրության տակ ունեցել նրանց նամակագրությունը, ինչպես նաև GCSO-ում աշխատող թուրք մասնագետների անձնագրերի պատճենները։ Անկարայի և Հաֆթարի բանակցությունների արդյունքում վերջիններս ազատ էին արձակել գերիներին, իսկ նրանց անձնագրերը, այդ թվում նաև Գյոքսել Քահյայինը, հրապարակվել էր «Al Marsad» պարբերականում։

Քահյայի հայտնվելը Ադրբեջանում, որտեղ, ինչպես և Լիբիայում, զանգվածաբար կիրառվել են անօդաչուներ, պատահական չէ։ «Անկասկած, Գյոքսել Քահյան իրականացնում է Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում Bayraktar TB2 անօդաչուների բոլոր թռիչքների կառավարումը։ Bayraktar TB2 անօդաչուների կողմից օպերատիվ, հետախուզական ամբողջ տեղեկատվությունը զեկուցվում է նրան, իսկ վերջինս իր հերթին այդ մասին զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- նշում է Անդրկովկասի երկրների հարցերով փորձագետ Դենիս Կորկոդինովը։

Այն մասին, որ հենց Քահյան է համակարգում Լեռնային Ղարաբաղում Bayraktar TB2 անօդաչուների կիրառումը, հայտնել էր նաև կիպրոսյան «Geopolitical Cyprus» վերլուծական կենտրոնը։

Լուսանկարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը։ Լուսանկարը՝ Umit Bektas / REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter