
Մշակույթի նախարարը սաստում է Գյումրու քաղաքապետին
Պատմամշակութային խնդիրներին նվիրված նիստի զեկուցումներով հագեցած օրակարգում թեպետ Գյումրու քաղաքապետի ելույթը նախատեսված չէր, վերջինս որոշեց տանտիրոջ իրավունքով իր խոսքն ասել՝ պատճառաբանելով, թե զբաղված է, իրեն հարյուրավոր մարդիկ են սպասում, ու ինքը դժվար թե մինչեւ վերջ կարողանա մասնակցել քննարկմանը:
Վարդան Ղուկասյանը ողջունեց Մշակույթի նախարարության նախաձեռնությունը, քանի որ այս կերպ Գյումրու քաղաքապետարանի ուսերին դրված բեռը որոշ չափով թեթեւանում է, թեպետ ավելի ուրախ կլինեին, եթե դրանից ձերբազատվեին 100 տոկոսով:
Վարդան Ղուկասյանն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ իր ղեկավարման 12 տարիներին 1200 պատմական հուշարձան դարձել է համայնքային ենթակայության, որից 32-ը քաղաքապետարանի սեփականությունն է, 180-ը պետական գերատեսչական կառույցներ են, իսկ մասնավոր բնակելիների թիվն հասնում է 900-ի:
«Վերջին 10 տարվա ընթացքում վերակառուցվել է հասարակական 38 օբյեկտ, բնակելի, մասնավոր` 52, նոր օբյեկտներ՝ 108, բացի սրանից՝ սուրբ Նշան եկեղեցին է վերակառուցվել մեր ընտանիքի կողմից, այս պահին վերակառուցվում է Ամենափրկիչ եկեղեցին, ռուսական երկու եկեղեցիները եւ այլն: Էն հին կառույցները, որ արգելոց թանգարանում են գտնվում, մեր ուշադրության կենտրոնում են մշտապես, մեր կողմից ապօրինի շինարարություն, ոտնձգություններ անողները շատ խիստ պատժվում են»,- հավաստիացրեց Գյումրու քաղաքապետը:
Վարդան Ղուկասյանը շեշտեց, որ ինքը լավատեղյակ է, թե ինչ է կատարվում քաղաքի պատմական միջուկն ընդգրկող «Կումայրի» արգելոցի տարածքում, եւ որ իրեն մշտապես տեղեկություններ է տալիս քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակից Պարույր Զաքարյանը, ով ժամանակին ղեկավարում էր «Կումայրի» արգելոց-թանգարանը, եւ իրենք ջանքեր չեն խնայում քայքայումից փրկելու պատմամշակութային արժեք ներկայացնող այդ շենք-շինությունները՝ թեպետ լինում են նաեւ խանգարողներ:
«Կոնկրետ Աբովյան փողոցում, մարդն եկել է 1 միլիարդ դրամ ներդրում է անում, փրկում է մեր հուշարձանը, իսկ կառույցները գրություն են ուղարկում դատախազություն, թե դադարեցրեք»,- առիթն օգտագործելով՝ իր վրդովմունքը հայտնեց Վարդան Ղուկասյանը:
Գյումրու քաղաքապետը փորձեց խոսել նաեւ Մինաս Ավետիսյանի եւ Հակոբ Հակոբյանի որմնանկարներից: Բայց հանկարծ Հասմիկ Պողոսյանը, ներողություն խնդրելով, նկատեց, որ «պարոն քաղաքապետը խախտում է նիստի օրակարգը, չի պահպանում ընթացակարգը եւ օգտվելով առիթից պարզապես ելույթ է ունենում տեսախցիկների առաջ»:
«Ես Ձեզ խնդրում եմ սահմանափակվել առաջին հարցի վերաբերյալ քննարկմամբ»,- առաջարկեց նախարարը:
«Դուք իրավունք չունեիք ինձ ընդհատելու»,- նկատեց Գյումրու քաղաքապետը:
«Ոչ, ունեմ,- հակադարձեց Հասմիկ Պողոսյանը,- որպես նիստը նախագահող՝ ես իրավունք ունեմ ձեզ ընդհատելու»:
Չնայած տարաձայնությանը եւ նախարարի դիտողություններին՝ Վարդան Ղուկասյանը, շարունակեց իր խոսքը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար` շեշտելով, որ շատ ճիշտ է ընտրվել քննարկման վայրը, թեման էլ հրատապ է, բայց ուշացած:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել