HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Վարդևանյան․ «Աշոտ Մինասյանը դիրքորոշում է հայտնել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»

«Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց  Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքի մասին է։

Պաշտպանի խոսքով՝ Աշոտ Մինասյանը կասկածանքի վերաբերյալ ցուցմունք չի տվել, միայն դիրքորոշում է հայտնել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Վարդևանյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը, բողոքի գործով դատական նիստ է նշանակվել վաղը՝ նոյեմբերի 15-ին։

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձն ի թիվս այլ հիմքերի, կարող է ձերբակալվել, եթե բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո։

Վարդևանյանի խոսքով՝ Մինասյանին ձերբակալելու հիմքն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այն է, որ ձերբակալվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո։

«Ի՞նչը կատարելուց անմիջապես հետո։ Օրինակ՝ պետական իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունն ինչպե՞ս են պատկերացնում։ Կամ պետական հասարակական գործչի սպանության նախապատրաստությունն ինչպե՞ս են պատկերացնում։ Խոսքն անգամ չավարտված հանցափորձի մասին չէ, խոսքը նախապատրաստության մասին է»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Մեր հարցին՝ Մինասյանի մոտից զենք-զինամթերք չի՞ հայտնաբերվել, պաշտպանը պատասխանեց, թե տեղեկություն չունի, գիտի միայն, որ ձերբակալման պահին նա մի քանի ընկերների հետ գտնվելիս է եղել Սիսիան քաղաքում։

Ինչ վերաբերում է Մինասյանին ձերբակալելու նպատակին, վարույթն իրականացնող մարմինը նշել է, թե նպատակը Մինասյանի փախուստը կանխելն է։ Պաշտպանն ընդգծեց, որ, փաստորեն, վարույթն իրականացնող մարմինը փախուստը կանխելու նպատակով ձերբակալել է մի մարդու, ով երեք արցախյան պատերազմի է մասնակցել, ով առանց որևէ մեկի կոչի կամ կանչի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրվանից մինչև ավարտն իր երկու երեխաների հետ եղել է առաջնագծում։

«Գործը միանշանակ քաղաքական է, ցավում եմ այն քննիչների համար, ովքեր, իրական իրավական գործիքակազմը թողած, նման տեսակի քաղաքական գործերի մեջ են խրված»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Մեր հարցին, թե ինչո՞ւ է Աշոտ Մինասյանի վերաբերյալ գործը քաղաքական, Վարդևանյանը պատասխանեց, որ եթե ակնհայտ անհիմք հետապնդում է հարուցվում, ապա դրա պատճառը կամ պետք է լինի քաղաքական, կամ անձնական, մարդկային թշնամանքը։

Պաշտպանի խոսքով՝ ինչպես հարյուր հազարավոր այլ մարդիկ, Աշոտ Մինասյանը ևս արտահայտել է իր բացասական կարծիքը նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի վերաբերյալ, մասնակցել է հանրահավաքի, որից րոպեներ անց նրան վարչական բերման են ենթարկել, ինչին հաջորդել է այն գործը, որի շրջականերում նա ձերբակալվել է։

Լուսանկարում՝ Աշոտ Մինասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter