Նույն ընտրատարածքում՝ երկու Հակոբ Հակոբյան, երկուսն էլ պատգամավորության թեկնածու, երկուսն էլ ՀՀԿ անդամ
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում հետաքրքիր ընտրապայքար է սպասվում: Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բոլոր թեկնածուներին մինչեւ ապրիլի 1-ը գրանցի, ապա իրար դեմ պայքարելու են ՀՀԿ անդամներ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ), ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կազմակերպության ղեկավար Հակոբ Վարշամի Հակոբյանը, պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սեդրակ Սարոյանը (գեներալ Սեյրան), ինչպես նաեւ անկուսակցականներ Թոռնիկ Գեւորգյանն ու Սարգիս Քոչարյանը:
Հիմնական պայքարը գնալու է երկու Հակոբ Հակոբյանների եւ Սեդրակ Սարոյանի միջեւ: Ըստ լուրերի, թեեւ Հակոբ Վարշամի Հակոբյանն ինքնաառաջադրվել է, սակայն թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ի պահանջով, որպեսզի ընտրողը շփոթվի եւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձայները պակասեն:
Այս առնչությամբ «Հետքը» զրուցեց Հակոբ Վարշամի Հակոբյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք զրույցը:
Պարոն Հակոբյան, Դուք ապրում եք Երեւանում, բայց Ձեր թեկնածությունն առաջադրել եք Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում (Էջմիածին քաղաքն ու հարակից գյուղերը): Ինչո՞ւ այդպես որոշեցիք:
Ուսանողական տարիներս անցել են Էջմիածնում, այնպես որ, հարազատ տարածք է, ես բոլորին սիրում ու ճանաչում եմ եւ որոշել եմ այնտեղ իմ թեկնածությունն առաջադրեմ: Նորմալ չի՞:
Բայց խոսակցություններ կան, որ իշխանություններն են Ձեզ ասել, որ այդ տարածքում առաջադրվեք եւ «փոշիացնեք» նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձայները:
Իշխանություններն ինձ հաստատ նման բան չեն ասել, եթե ասեին՝ ես չէի անի: Այնպես որ, ես ինքնուրույն կողմնորոշվել եմ եւ առաջադրվել:
Բայց չե՞ք կարծում, որ Ձեր ու նույն տարածքում առաջադրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անուն-ազգանունը ընտրողներին կարող է շփոթեցնել:
Չէ, մեր հայրանունները տարբեր են, իրանը՝ Ռաֆիկի, իմը՝ Վարշամի: Գիտեք, ընտրություներից 10 օր առաջ քվեաթերթիկները տպագրվում են, եւ քվեաթերթիկի վրա հստակ համար կլինի, եւ ընտրողը Հակոբյան Հակոբ Ռաֆիկի եւ Հակոբյան Հակոբ Վարշամի թեկնածուներին կտարբերի: Իմ հետ համաձայն չե՞ք:
Կարծում եք, որ ընտրողը կկարդա՞ թեկնածուի հայրանունը:
Ես լավ քարոզչություն եմ տանելու, որ ընտրողները չշփոթեն: Իմ կարծիքով, իմ հակառակորդ Հակոբ Հակոբյանն էլ մեծ փորձ ունի եւ լավ քարոզչություն կտանի, որ մեզ տարբերեն:
Բայց նախորդ ընտրություններին էլ էիք առաջադրվել ու պարտություն կրեցիք, ինչո՞ւ որոշեցիք նույն տարածքում կրկին առաջադրվել:
Դե, նախորդ անգամ պարտություն կրելն ինձ համար չեմ համարում պարտություն. 4700 ձայն էի հավաքել եւ իմ համար շատ հստակ մտածելու ձայներ էին: Իմ կարծիքով, լավ աշխատանք եմ տարել եւ այս ընտրություններին, համոզված եմ, որ այդ ձայները կկրկնապատկվեն:
Թիվ 19 ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունը սատարում է մեկ այլ թեկնածուի՝ պատգամավոր Սեդրակ Սարոյանին, Դուք էլ եք ՀՀԿ անդամ: Կարո՞ղ եք նրա դեմ պայքարել:
Այդ պատճառով արդեն կուսակցությունից նկատողություն եմ ստացել, բայց դա իմ սահմանադրական իրավունքն է: Իմ կուսակցության որոշմանը դեմ չեմ գնում, բայց որպես քաղաքացի կողմնորոշվել եմ եւ իմ թեկնածությունն առաջադրել եմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել