HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թեկնածուներն արդեն գրանցվել են

Մի քանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ այսօր նիստ են գումարել եւ քննարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ նիստ է գումարվել 5 ընտրատարածքային հանձնաժողովում:

Երեւանի թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք) առաջադրվել է 4 թեկնածու՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, «Քեթրին» բարեգործական ՀԿ-ի նախագահ, ՀՀԿ անդամ Արթուր Ստեփանյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Հանձնաժողովը բոլոր թեկնածուներին էլ գրանցել է:

Նիստ է գումարել նաեւ թիվ 5 ընտրատարածքային հանձնաժողովը (Դավիթաշեն, Արաբկիր): Այստեղ առաջադրվել է 3 թեկնածու՝ Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ անդամ Արթուր Գեւորգյանը, ով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ անկուսակցական Սուրեն Սիրունյանը: Այստեղ նույնպես բոլոր թեկնածուները գրանցվել են:

Թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովի (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) նիստով գրանցվել են ՀՅԴ կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանը, անկուսակցական Վահագն Խաչատուրյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչ Գագիկ Պետրոսյանը:

Փաստաթղթերի ուսումնասիրությունը հաջող ավարտ է ունեցել նաեւ Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում գրանցված թեկնածուների համար: Գրանցվել են առաջադրված 3 թեկնածուներն էլ՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը, «Փոկաս» ՍՊԸ-ի հաշվապահ Շալիկո Զորյանը եւ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Այսօր նույն մարզի թիվ 36 ընտրատարածքում, որպես պատգամավորության թեկնածու, գրանցվել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մակեյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը, Մեղրաշեն համայնքի ղեկավար, ՕԵԿ անդամ Հունան Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մխիթար Վարագյանը: Նույն ընտրատարածքում ինքնառաջադրված Սուրիկ Գրիգորյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել:

ԿԸՀ-ից հայտնեցին, որ հնարավոր է վաղը ընտրատարածքային հանձնաժողովները եւս նիստեր գումարեն եւ քննարկեն առաջադրված թեկնածուների գրանցման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter