
Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը
Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։ Այդ մասին կիրակի՝ նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայկական իշխանություններն այդ խնդրանքը փոխանցել են ռուսական կողմի միջոցով։ Տարկետում տալու խնդրանքը կապված է Քելբաջարի շրջանից դեպի Հայաստան տանող միակ ճանապարհի անցագրային ոչ բավարար հնարավորությունների հետ»,- հայտարարել է Հաջիևը։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը։
«Քելբաջարից հայկական զորքերի և խաղաղ բնակչության դուրսբեման գործընթացն ամբողջությամբ կվերահսկվի։ Ճանապարհը, որն այն կապում է Հայաստանին, բավականին նեղ է և խիստ ծանրաբեռնված»,- նշել է Հաջիևը։ Հաջիևը նաև նշել է, որ Աղդամի և Լաչինի շրջաններից հայկական զորքերի դուրսբերումը տեղի կունենա սահմանված ժամկետներում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին համատեղ հայտարարություն, որով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղում հաստատել հրադադար։ Ինչպես հայտարարել էր Պուտինը, հայկական և ադրբեջանական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ։ Բացի այդ, Ալիևն էլ հայտարարել էր, որ համաձայն պայմանավորվածությունների, Աղդամի շրջանը Ադրբեջանին կհանձնվի մինչև նոյեմբերի 20-ը, Քարվաճառի շրջանը՝ մինչև նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։
Լուսանկարում Դադիվանքն է, SPUTNIK / ARPI BEGLARYAN
Մեկնաբանել