HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։

Վանեցյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝  նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, Վանեցյանը նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։

Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն այսօր նրա մեղադրանքի վերաբերյալ հայտարարությունն էին տարածել, որում որոշ մանրամասներ են ներկայացրել։

Այսպես, ըստ մեղադրանքի՝ «Արթուր Վանեցյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու և այդ կերպ պետական իշխանությունը յուրացնելու դիտավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նախկին՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի, Աշոտ Արարատի Ավագյանի, Աշոտ Հրանտի Մինասյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, այլ պայմաններ ստեղծելով՝ ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ կեցության և գտնվելու վայրերի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները, անվտանգության աշխատակիցների կազմը ուսոմնասիրելով և այդ համատեքստում ՀՀ վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդ կերպ հանցանքի կատարման խոչընդոտները վերացնելու և դրա կատարումը հեշտացնելու հարցերը քննարկելով և համաձայնեցնելով, ինչպես նաև, խախտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված ժամանակավոր սահմանափակումները, իրականացնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն, քննադատելով պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, հերքելով դրանց արդյունավետությունը, Հայաստանի Հանրապետությունում փորձելով առաջացնել խուճապային և հակաիշխանական տրամադրություններ, միջոցներ ձեռնարկելով նույն սահմանափակումների պայմաններում հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու և փողոցներում ու հրապարակներում ժողովրդի բազմություն ապահովելու ուղղությամբ, նախապատրաստել են պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպանությունը և իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալը, սակայն նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և կանխվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։

Վանեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպաններն իրենց հայտարարության համոզմունք են հայտնել, որ «Արթուր Վանեցյանին կալանավորու փորձերը դատապարտված են, իսկ դատարանը չի միանալու Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ակտին ու կանգնելու այն ստորագրողի կողքին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter