HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է նախագահ Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հաղորդելով ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի բարեմաղթանքները․ ԱՄԷ նախագահն առաջընթաց և բարգավաճում է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը ԱՄԷ աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին՝ աջակցության խոսքերի և երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների առավել զարգացման շարունակական պատրաստակամության ու գործնական քայլերի համար։

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ու փոխշահավետ համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր՝ որպես զարգացման հիմնական ուղղություններ կարևորելով հատկապես տնտեսության և ներդրումների ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter