
Դրամական աջակցություն՝ արցախցիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կառավարությունը Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել կառավարության ղեկավարը։
Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշման համաձայն՝ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:
Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով:
Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Դիմում հնարավոր է լինելու ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով: Առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը և մանրամասները:
«Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու եւ առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար։ Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում»,- գրել է վարչապետը։
Լուսանկարում՝ Ստեփանակերտը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել