HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 պետություններ ստորագրել են պատմության ամենախոշոր առևտրային համաձայնագիրը

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 պետություններ ստորագրել են պատմության ամենախոշոր առևտրային համաձայնագիրը, որը խոստանում է երկրագնդի ամեն երրորդ բնակչի եկամուտների աճ և գլոբալացման կողմնակիցներին հույս տալիս՝ խթանելու միջազգային առևտուրն ու համագործակցությունն այս տարածաշրջանում, որն էականորեն նվազել էր Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականության և կորոնավիրուսի համավարակի արդյունքում։ 

BBC-ն գրում է, որ RCEP (Regional Comprehensive Economic Partnership կամ Տարածաշրջանային բազմակողմ տնտեսական գործընկերություն) անվանումը կրող համաձայնագիրը կմիավորի Չինաստանն ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ավստրալիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Նախկինում երբևէ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ Չինաստանը չէր ստորագրել բազմակողմ առևտրային համաձայնագիր, ավելին՝ կնքել որևէ առևտրային պայմանագիր, որի կողմերից մեկը կարող էր լինել Ճապոնիան։

Միջազգայնագետների կարծիքով՝ այս խոշոր համաձայնագիրը կնքվել է Թրամփի վարած արտաքին քաղաքականության պատճառով։ Բանն այն է, որ այն 8 տարիների ընթացքում, երբ ընթանում էին RCEP-ի քննարկումները, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան զուգահեռաբար ստեղծում էին ևս մեկ տնտեսական դաշինք ԱՄՆ-ի և Կանադայի հետ միասին։ Սակայն, Թրամփը հրաժարվեց այդ գաղափարից և դուրս բերեց Ամերիկան բանակցություններից, ինչն էլ խթանեց RCEP-ի կնքումը։ 

Առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին և ուժի մեջ կմտնի բոլոր երկրների վավերացումից հետո։ Համաձայնագիրը Ասիայում առևտրային գործընկերներին հնարավորություն կտա հասանելիություն ունենալ միմյանց շուկաներին և կնվազեցնի ապրանքների համար սահմանված տուրքերը, ինչը խոստանում է տնտեսական աճի արագացում և կենսամակարդակի բարձրացում, հատկապես տարածաշրջանի ամենաաղքատ երկրներում: Համաձայնագիրը բաց է միանալու համար և առաջին հերթին ակնկալվում է, որ դրան կմիանա Հնդկաստանը։ 

Որոշ տնտեսագետներ պնդում են, որ չնայած համաձայնագիրը մասշտաբային է, սակայն բավականաչափ մակերեսային։ Այն առաջին քայլն է, որը կարող է միավորել, օրինակ, աղքատ տնտեսություն ունեցող Լաոսի և հարուստ Նոր Զելանդիայի, կոմունիստական Չինաստանի և հետիմպերիալիստական Ճապոնիայի տնտեսությունները։

Այս համաձայնագիրը, սակայն, ի տարբերություն առևտրային մի շարք համաձայնագրերի և պայմանագրերի, չի ներառում աշխատողների իրավունքները և թույլ է տալիս տարբեր երկրների տարբեր մոտեցումներ ունենալ շրջակա միջավայրի և մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ։ Չի նախատեսվում նաև վեճերի լուծման ընդհանուր մեխանիզմ։ Երկրները կկարողանան շարունակել սահմանափակումներ դնել իրենց արտահանման կամ ներկրման ծավալների վրա, ինչպես նաև սահմանափակել առևտրի ազատությունը, որն ամրագրված է նոր համաձայնագրով։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter