HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մեր տունը հենց այնպես տվեցինք թշնամուն ու դարձանք թափառական»

Անահիտ Գոքորյանն այս տարվա սեպտեմբերի 30-ին իր 5 երեխայի հետ դուրս է եկել Քաշաթաղի Վուրգավան գյուղի իրենց տնից՝ մտածելով, որ հաշված օրեր անց հետ են վերադառնալու: Բայց արդեն գիտակցում են, որ իրենց տունն այլևս չեն տեսնելու. գյուղն ադրբեջանցիների վերահսկողության տակ է:

Սեպտեմբերի 30-ին գյուղի կանանց և երեխաներին հրահանգել են դուրս գալ տներից, ինքն էլ ենթարկվել է պահանջին՝ կարծելով, թե կարճ ժամանակով են բացակայելու:

«Մտածեցի քառօրյա պատերազմի նման է, կարճ կտևի, հետ կդառնանք մեր տները: Բայց քառօրյայի ժամանակ մեր տները չենք լքել: Ես չէի պատկերացնում, որ այս վիճակում ենք լինելու: Արցախից մեզ հետ էլի մարդիկ կային, որ եկան Հայաստան: Նրանց տունն էին հրթիռակոծել, ապրանք էին կորցրել, բայց իրենք կարողանում են հիմա հետ գնալ, իրենց տունը վերանորոգել ու ապրել: Իսկ մենք հետ գնալու տեղ չունենք: Կոպիտ է հնչում, բայց մենք մանկատան երեխեքից ավելի վատ վիճակում ենք հիմա, մնացել ենք օդում»,- ասում է 5 երեխայի մայրը:

Անահիտ Գոքորյանի հայրն ու ամուսինն այս պահին էլ Արցախում են: Ինքը, մոր և 5 երեխայի հետ ապրում է Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում: Երեխաներից 4-ը անչափահաս են և մեր այցելության ժամանակ դպրոցում էին:

Ընտանիքը սպասողական վիճակում է: Գնալու տեղ չունեն, այլ բնակավայրում ապրելու առաջարկ էլ դեռ չեն ստացել Արցախի իշխանություններից:

Ամեն երկրորդ նախադասությունից հետո տիկին Անահիտը նշում էր, որ իր տնից լավ տուն ոչ մի տեղ չի լինի:

«Իրոք շատ լավ էր մեր Վուրգավանում: Տունն ունեինք, այն էլ ինչ տուն, լացելու բան է: 2016թ. քառօրյա պատերազմից հետո, մեր տունը բարեգործական հիմունքներով սարքեցին: Ամերիկահայ բարեգործ է սարքել: 3 տարի է, ինչ մեր նոր տանն էինք ապրում: Ամեն ինչ թողել, դուրս ենք եկել: Ինձ ոչ մի բան պետք չի, թող լրիվ թալանեն տանեն, ինձ իմ տան դատարկ պատերն էլ տան գոհ կլինեմ»,- ասում է Անահիտ Գոքորյանը:

Մինչև պատերազմը բազմազավակ մայրը գյուղի դպրոցում հավաքարար է աշխատել: Ամուսինը ժամանակ առ ժամանակ մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ իրենք գյուղում զբաղվել են անասնապահությամբ, հողագործությամբ: Խաղողի այգիներ ունեին, անասուններ: Ասում է, որ 2 կով, 2 հորթ, խոզեր, 60 հատ հավ և այլ կենդանիներ թողել է գոմում ու դուրս եկել:

Տիկին Անահիտը պատմեց, որ Վուրգավանը փոքր գյուղ է, որտեղ ապրում էր մոտ 45 տնտեսություն: Գյուղը լքելու կոչերն իրենց համար անակնկալ են եղել: Այդ է պատճառը, որ գյուղացիներից ոչ ոք ոչինչ տնից չի վերցրել՝ մտածելով, որ օրեր անց հետ են գնալու:

«Այնքան ցավալի է, որ առանց կռվի մեր գյուղերը մտան ու գրավեցին: Սա է ցավալի, որ հենց այնպես մեր տները տվեցինք: Մեր գյուղում կռիվ չի եղել, ոչ ոք չի զոհվել: Կյանքումս նման պատմություն չէի լսել, դասագրքերի մեջ էլ չէի կարդացել, բայց մենք վերապրեցինք, մեր տունը հենց այնպես տվեցինք թշնամուն ու դարձանք թափառական»,- նշում է Անահիտ Գոքորյանը:

Տիկին Անահիտի մայրը՝ Մարիամ Առաքելյանը, զրույցի ընթացքում լուռ լսում էր՝ պարբերաբար սրբելով աչքերի արցունքը: Երբ խոսք գնաց գյուղ վերադառնալու և ադրբեջանցիների հետ ապրելու մասին, անմիջապես հայացքն ուղղեց մեր կողմը: Նա դեմ է, որ հայն ու ադրբեջանցին նույն հողի վրա ապրեն:

«Ասում են փախստականները կարող են վերադառնալ իրենց տներում ապրել, մենք ո՞նց վերադառնանք իրենց հետ ապրելու: Նրանք միայն մորթել գիտեն, ո՞նց իրենց հետ հարևանություն անեմ: Ես մեծ եմ, կարող ա չվախենամ, բա երեխեքի հետ նրանց մեջ ո՞նց ապրեմ: Չէ, նման բան հնարավոր չէ: 4-5 գյուղ հեռու լինեին՝ վազելով կգնայի, հենց հիմա վազելով կգնայի իմ տուն»,- ասաց Մարիամ Առաքելյանը և հուզմունքը զսպելու համար թաշկինակով ամուր փակեց բերանը:

Մարիամ Առաքելյանը նույնպես ապրել է Վուրգավանում՝ ամուսնու և որդու հետ: Պատերազմի ժամանակ որդին վիրավորվել է: Նրսնք ևս գնալու տեղ չունեն: Դատարկ դուրս են եկել տնից: Նույնիսկ նոր գնած ավտոմեքենան որդին չի հասցրել վարել, մնացել է տան բակում, քանի որ որդին նոր պիտի ավտոմեքենա վարելու իրավունք ստանար:

«Ով տուն ունի հետ է գնում Ղարաբաղ, բոլորին ուրախ-ուրախ հաջող եմ անում: Երևի մի օր էլ մեր հերթը կգա»,- ասում է տիկին Մարիամը և հրաժեշտ տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter