HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտին. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի ապագայում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի ապագայում, իսկ ներկայումս պահպանվում է ստատուս քվոն։ Այդ մասին Պուտինը հայտարարել է Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Այո’, այդպիսի հարց գոյություն ունի, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ։ Մենք պայմանավորվել ենք, որ կպահպանենք ստատուս քվոն, որը գոյություն ունի այսօր, իսկ ինչ կլինի հետագայում, կորոշենք ապագայում»,- նշել է Պուտինը։

Պուտինի կարծիքով, եթե կստեղծվեն նորմալ կյանքի համար պայմաններ, կստեղծվեն հիմքեր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերականգնման համար,, ապա կստեղծվի նաև հիմք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար։

Պուտինը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի չճանաչման հարցը, այդ թվում նաև Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի վրա։ «Ղարաբաղը ճանաչել-չճանաչելը որպես անկախ, ինքնուրույն պետություն կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում և հենց նոր, հուսով եմ, ավարտված արյունալի հակամարտության ընթացքում: Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում և Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա»,- ընդգծել է Պուտինը:

«Պետք է ուղիղ խոսել: Ժամանակին, երբ Վրաստանի նախկին հանցավոր ղեկավարության կողմից Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածներ իրականացվեցին, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Մենք ճանաչել ենք Ղրիմում բնակվող ժողովրդի արդար կամարտահայտությունը և նրանց ձգտումը՝ վերամիավորվելու Ռուսաստանին: Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, մեկին՝ ոչ, բայց մենք դա արել ենք՝ ելնելով այն մարդկանց շահերից, որոնք ապրում են այնտեղ և ողջ Ռուսաստանի շահերից»,- շարունակել է ՌԴ նախագահը:

Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կարևորագույն կետը արյունահեղության դադարեցումն էր, սակայն փաստաթուղթը ստեղծում է նաև լավ հիմքեր՝ երկարաժամկետ կտրվածքով իրավիճակի կարգավորման համար։ Նա նշել է, որ մարտական գործողությունների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 4 000 մարդ, սակայն, իրական թիվն, ըստ Պուտինի, ավելի մեծ է՝ ընդգծելով, որ վիրավորների թիվը տասնյակ հազարավոր է։ «Սա ֆիլմ չէ, ողբերգություն է, որը տեղի է ունենում կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ ընտանիքների, այդ իսկ պատճառով արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է»,- նշում է Պուտինը։ Ըստ Պուտինի՝ փաստաթուղթը ենթադրում է տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաարգելափակում և տնտեսական կապերի վերականգնում։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Ղարաբաղում պատերազմից խուսափել հնարավոր կլիներ, եթե ընդունվեին իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկները, որոնք մշակվել էին դեռևս 2013 թվականին: «2013 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանը ձևակերպել էր պայմաններ, որոնց հետ համաձայնել և աջակցում էին Մինսկի խմբի բոլոր մասնակիցները, այդ թվում համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն»։ Նա հիշեցրել է այն դրույթները, որոնք ընկած էին առաջարկների հիմքում՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 5 շրջանների վերադարձ, այնուհետ ևս երկու շրջանների վերադարձ, միջանցքի ստեղծում, որը կմիավորեր Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, Ղարաբաղի ստաստուս քվոյի ճանաչում՝ չամրապնդելով նրա վերջնական կարգավիճակը, երկու կողմերից փախստականների վերադարձ:

«Իմ կարծիքով՝ դա կլիներ հարցի լուծում: Ցավոք, մենք մի քանի անգամ մոտեցել ենք վերջնական լուծմանը։ Իմ կարծիքով, եթե մեզ դա հաջողվեր, կհաջողվեր պայմանավորվածություն ձեռք բերել, չէր էլ լինի պատերազմ: Եվ ես հիմա դրանում վստահ եմ»,- հարցազրույցի ժամանակ ասել է Պուտինը:

Պուտինը վստահ է, որ պայմանավորվածություններից Հայաստանի հրաժարումը կլինի «ինքնասպանություն» և մեծ սխալ։ «Դա կլիներ ինքնասպանություն։ Դա յուրաքանչյուր կողմի գործն է՝ հետևել կամ չհետևել ձեռքբերված պայմանավորվածություններին, սակայն դա մեծ սխալ կլիներ։ Հուսամ՝ դա չի լինի»,- հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքերով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական դրության ծանր վիճակի մասին ասել է ամբողջ ճշմարտությունը։ «Իրավիճակը ծանր էր, հենց այնպիսին, ինչպես Փաշինյանն է ասել, ես ավելացնելու բան չունեմ», – նշել է ՌԴ նախագահը։ Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Փաշինյանի հրաժարականի պահանջներին` Պուտինն նշել է, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է և պետք է իր խնդիրները կարգավորի ինքնուրույն։ «Բայց կարող եմ ասել իմ կարծիքը։ Ռազմական դրության մեջ երկիրը չի կարող իրեն թույլ տալ պահել այնպես, որ հանրությունը ներսից պառակտվի։ Դա անթույլատրելի է և վտանգավոր», – ասել է Պուտինը։

Խոսելով Փաշինյանի հետ հարաբերությունների մասին, Պուտինը նշել է, որ երբեք կողմ չի եղել փողոցների միջոցով քաղաքական հարցերը լուծելուն, բայց չնայած դրան միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել Հայաստանի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ես միշտ բաց եմ խոսել, որ չեմ ընդունում փողոցի միջով հարցեր լուծելը։ Բայց դա չի արտացոլվել իմ և Փաշինյանի հարաբերությունների վրա։ Մենք շատ դրական, վստահելի և կառուցողական հարաբերություններ ունենք։ Ես չեմ թաքցնում, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել։ Բացի այդ, այստեղ կա ոչ միայն ղեկավարության, այլև ժողովուրդների միջև հարաբերությունների հարց։ Հայ և ռուս ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել միշտ և ունեն», – ընդգծել է Պուտինը։

Պուտինն նաև հայտարարել է, որ Փաշինյանին դավաճան անվանողների փաստերն անհիմն են։ «Փաշինյանին դավաճան անվանելը ընդհանրապես հիմքեր չունի։ Այլ բան է` նա ճիշտ է վարվել, թե ոչ, բայց դավաճանության մասին մեղադրանքներն անհիմն են», – նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը հարցազրույցի ընթացքում ասել է, որ հոկտեմբերին Իլհամ Ալիևին համոզել էր դադարեցնել մարտական գործողություններն այն պայմանով, որ փախստականները կվերադառնան Շուշի, սակայն քաղաքը կմնա հայկական ուժերի վերահսկողության ներքո։ «Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փասխտականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել։ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։ «Միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել, իսկ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է Պուտինը:

Խոսելով ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ կենտրոնի տեղը կորոշի Բաքուն։ Նա հավելել է, որ ռուս-թուրքական միացյալ կենտրոնը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության նպատակով կօգտագործի անօդաչու թռչող սարքեր։ 

Պուտինը չի գնահատել Թուրքիայի դերը մարտական գործողությունների ընթացքում։ «Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»,- նշել է ՌԴ նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում թուրք զինվորականների առկայությունը սադրանք է։ «Ինչո՞ւ հայկական կողմին սադրել շփման գծում թուրք զինծառայողների առկայությամբ։ Ես կարծում եմ, որ նախագահ Էրդողանը դա լավ հասկացել է։ Մենք այստեղ խնդիրներ չենք ունեցել»,-ասել է ՌԴ ղեկավարը՝ փաստացի նշելով, որ Լեռնային Ղարաբաղում չեն լինի թուրք խաղաղապահներ։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Никольский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter