HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ ենք ձախողում

Ցանկացած խնդրի էություն հասկանալու համար, այն պետք է դիտարկել, միջավայրի մեջ: Պետությունների դեպքում միջավայրը աշխարհում տեղի ունեցող զարգացումներն են:

Ոչ մի վիճակ ստատիկ չէ, և կան փոքր և մեծ ընթացքներ, իրադարձություններ, որոնք աշխարհում հոսանքային` մեծ փոփոխությունների կարող են հանգեցնել: Դրանցից էր, օրինակ 20-րդ դարի սկզբին կումինստական գաղափարախոսությունը և համաշխարհային պատերազմները, մասնավորապես երկրորդը, որը նույնպես գաղափարախոսության հենք ուներ: Սրանք հզոր ալիքներ էին, որ կլանեցին տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր, որոշ ժողովուրդներ վերացման եզրին կանգնեցին, ինչպես մենք և հրեաները: Որոշ պետություններ կորցրին իրենց անկախությունը, ինչպես մենք, և օրինակ, Բալթյան երկրները:

Հիմա էլ խոշոր հոսանքներ են ձևավորվում, մեծ իրադարձություններ են տեղի ունենալու: ԱՄՆ-ում` աշխարհի ամենամեծ կապիտալիստական և ուղղորդված ժողովրդավարական պետության ներսում, խոշոր տեղաշարժեր են սպասվում, քանզի ներկա մոդելը չի կարողանում մարդկանց բարեկեցիկ և ապահով միջավայր երաշխավորել: Շուրջ հարյուրամյակ գործած մոդելը այլևս իր գոյության վերջին շրջանում է: Նույն վիճակն է եվրոպական մայրցամաքում. Հարավից` ձախողված պետություններից սկիզբ առնող ալիքները ուղղված են դեպի Եվրոպա, միաժամանակ, ներսում սոցիալական խնդիրների տակ կքած հանրույթի շարունակաբար լարվող բարոյահոգեբանական վիճակը ուղղված է մեծ պայթյունի: Այս և այլ, մասնավորապես, ասիական ալիքների ազդեցության տակ մեծ հոսանքները ձևավորման ընթացքում են: Սրան է գումարվում Չինաստանի երբեմնի գաղութային պետությունից ժամանակակից կապիտալիստական, սակայն հիբրիդային և ոչ հայտնի ժողովրդավարական մոդելով կառավարվող պետության վերափոխումը, որը մտել է զարգացման մի հաջորդ շրջան, ինչը կարելի մեկ բառով բնութագրել, որպես նեոկոլոնիալիզմ: Ակնառու է, որ այս պետության ներկա կառավարման մոդելը ներկա մարտահրավերներին դիմակայելու առումով առավել կենսունակ է իրեն դրսևորում:

Այս գործընթացներին են գումարվում նաև աշխարհում այսպես ասած կարգ ու կանոն սահմանող միջազգային միավորների բազմակի ձախողումները: Մասնավորապես, ՄԱԿ-ը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը և Համաշխարհային Բանկը այլևս ձախողել են իրենց առաքելությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ-ի առաքելությունը` աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովումը այլևս ձախողված է: Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելությունը` աշխարհում տնտեսական կայունության ապահովումը այլևս ձախողված է: Համաշխարհային Բանկի առաքելությունը` աշխարհում բարեկեցության ապահովումը և աղքատության վերացումը, այլևս ձախողված է: Այս միջազգային կառույցները ձախողել են բազմակի անգամներ: Քանզի իրենց գոյության ընթացքում մեկ սուվերեն պետություն զինված ներխուժել է մեկ այլ պետության տարածք և ոչնչացչել է դրա ղեկավարներին: Քանզի մեկ սուվերեն պետություն մեկ այլ սուվերեն պետության տարածքներ է զավթել և ամրակցել: Քանզի հիմա էլ, այս կառույցների գոյության ընթացքում, կան պետություներ որտեղ բարեկեցության նշույլներ անգամ չկան, ավելին երբեմնի զարգացման ճանապարհին կանգնած հանրույթներում հազարներով մահանում են սովից, ինչպես հիմա Յեմենում: Բազմաթիվ պետություններ դառնում են նեոկոլոնիալզմի զոհ և այդ պետությունների հանրույթները դառնում են ռեսուրս գաղութացնող պետության հանրությանը բարեկեցություն ապահովելու համար:

Այս ամենը, առանց կասկածի, տասնյակ նույնիսկ հարյուրավոր միլիոնների կյանքեր են խլելու: Դրանք կարող են լինել ինչպես համավարակների, այնպես էլ պատերազմների տեսքով: Պատերազմներ են լինելու, որոնց կդիմանան միայն տոկունները, իսկ ավելի ճիշտ տոկուն համակարգեր ձևավորած պետությունները: Ակնհայտ է, որ մենք չենք դասվում նման պետությունների շարքին, ակնհայտ է, որ մենք նույնիսկ չունենք համակարգեր և դրա վառ ապացույցը շուրջ մեկամսյա պատերազմն էր և աղետալի հետևանքները: Կար համակարգ, որ կոռոպցիոն էր, ավելի շուտ ավազակապետության մոդելով էր կառավարվում: Երբ փոքր խումբը հարստահարում էր հանրությանն ու պետությանը: Համակարգը գլխատվեց սակայն այն չվերացավ, անգլուխ համակարգը շարունակում է խարխլել մեր պետականության հիմքերի վերջին մնացորդները: Դա ավարտին կհասցնեն անդեմ և ապազգային տարրերը, որոնք կլինեն երկրի կառավարման ղեկին, սակայն չեն կառավարի. Ներկայում սրա խորհրդանիշն է ռուսական և թուրքական ծագումնաբանությամբ անուն կրող անձը:

Գլոբալ հոսանքները կստիպեն հանուն մեր տեսակի փրկության մեկ այլ տեսակի հովանու տակ մտնել, ամբողջությամբ մաս դառնալով դրա համակարգի: Եվ սա կլինի հայոց կարճատև պետականության անվերադարձ կորուստը: Այս պահին, նույնիսկ հնարավոր փրկօղակ համակարգը` ռուսականը, վատ վիճակում է: Եվ այս պահին, մեր երկրի ներսի հոսանքը մեզ տանում է տեսակի վերացման: Վերագնահատման, քաղաքական մտքի ու գիտակցության վերականգնման, ազգային կառավարման մոդելի հաստատման ձախողման դեպքում, կործանումն անխուսափելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter