HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լիցքավորիչներ, որ նոյեմբերի 10-ին այդպես էլ չուղարկվեցին կռվող զինվորին

Փայտե հրանոթների տեսքը շփոթության է մատնում: «Սրա՞նք են լիցքավորիչները»: Հարցս ժպիտ է հարուցում արհեստանոցում հավաքված տղաների մոտ: Նրանցից մեկը մատնացույց է անում սեղանի վրա դասավորված նրբատախտակից պատրաստված սկուտեղանման առարկաները, որոնցից մեկի վրա նկատում եմ «5,45 մմ, լիցքավորիչ» գրառումը: Մի անկյունում դարսված է հերթական խմբաքանակը, որ Արցախում մարտնչող մեր զինվորներին էր ուղարկվելու նոյեմբերի 10-ին, սակայն լուսաբացն այլ օրակարգ էր նախատեսել: 

Հանդիպումը լիցքավորիչների հեղինակներ գյումրեցի Զավեն եւ Արամ Մսրյանների հետ նոյեմբերի 9-ին էր՝ օրվա երկրորդ կեսին, այդ ժամին դեռ համացանցում չէր տարածվել Շուշիի անկման լուրը: «Բայց պե՞տք էր, որ գրեիք, գործ է, անում ենք էլի»,-մինչեւ հարցազրույցը սկսելն ընդդիմանալու փորձ է անում Զավեն Մսրյանը: «Իհարկե պետք է, էս պահին թիկունքում արվող ամեն բան կարեւոր է»,-վստահեցնում եմ ես: 

Փայտե հուշանվերների արտադրությամբ զբաղվող «ԶԱՄ ՔՈՒԹԻՆՔ» ընկերությունը Մսրյան եղբայրները Գյումրիում հիմնել են 6 տարի առաջ: Բավականին հաջող գործունեություն են ծավալել անցնող տարիներին՝ ճանաչելի դառնալով ոչ միայն հայրենի քաղաքում: Համաճարակով պայմանավորված՝ տարեսկզբին սկսված տնտեսական խնդիրները չէին շրջանցել նաեւ նրանց: Զավենն ասում է, որ մի քիչ նեղվել էին ստեղծված վիճակից, սակայն շատ տնտեսվարողների նման մտածել են, թե մի քանի ամսից ոտքի կկանգնեն: 

«Դե մեր գործունեությունը հիմնականում կապ ունի զբոսաշրջության հետ, ու համաճարակի պատճառով հենց այդ ոլորտն էր ամենաշատը տուժել: Բայց մտածում էինք, որ սահմանները կբացվեն, շարժ կլինի, մենք էլ կշարունակենք մեր գործունեությունը,-նկատում է Զավեն Մսրյանը,-ուղղակի մտքներովս չէր անցնի, թե կգա մի օր, որ հուշանվերների փոխարեն ռազմական գործին առնչվող իրեր կսարքենք»: Զավենն ասում է, որ պատերազմի առաջին օրերին շատերի նման չեն իմացել, թե ինչ անեն: Սպասողական վիճակը պայմանավորված է եղել 2016թ.-ի քառօրյայով, մտածել են` այս անգամ էլ ամեն ինչ շատ արագ կավարտվի: 

«Հետո տեսանք, որ էս պատերազմը շուտ ավարտվողներից չէ: Մենք անընդհատ կմտածեինք, թե մեր ձեռքի տակ եղած ռեսուրսով ի՞նչ ձեւով օգնենք մեր բանակին: Լիցքավորիչների գաղափարը Զավենի մոտ է ծագել: Առավոտն եկավ, թե՝ էս ձեւի բան եմ մտածել, ահագին կթեթեւացնե մեր զինվորի գործը: Դե գծեցինք, ջնջեցինք, հաշվարկներ էրեցինք, գնացինք փամփուշտ ճարեցինք, ավտոմատի մագազին, փորձեցինք, մինչեւ ստացանք էն տարբերակը, որն արդեն կա: Հմի ձեզի համ մեր աշխատանքի որոշակի հատվածը ցույց կուդանք, համ սարքի գործածման ձեւը»,-ասում է Արամն՝ ուղեկցելով արհեստանոցի «սրբության սրբոց», որտեղ աշխատում է լազերային սարքը: Համակարգչով տրված հրահանգից հետո զգայուն սարքը սկսում է նրբատախտակից ձեւել հերթական լիցքավորիչի հատվածները:

«Ես ինտերնետով եմ նայել, էս տիպի սարքեր կօգտագործեն ԱՄՆ-ում եւ կարտադրե Ուկրաինան, իհարկե այլ նյութեր կօգտագործեն, բայց մեր առաջարկածն էլ լրիվ նորմալ է, մանավանդ որ փորձարկվել է մեր զինվորի կողմից ու դրական արձագանք է եղել: Գաղափարը վերցրել ենք, բայց պատրաստման տեխնոլոգիան, նյութը, հաշվարկները լրիվ մերն են: Հաշվարկած է, որ ավտոմատի պահունակը ձեռքով լիցքավորելու համար 1 րոպե 20 վայրկյան է պետք, բայց եթե կրակեն, մի տասը վայրկյանվա էդ լիցքավորածը կկրակեն, կստացվի, որ լցնելու պահն ավելի հետ կմնա, քան կրակելու պահը: Իսկ սրա միջոցով շատ ավելի արագ է լիցքավորվում, մեկ հոգին կարող է մի տասը հոգու հրացան լիցքավորել»,-ասում է Զավենը՝ ցուցադրելով լիցքավորիչի օգտագործման եղանակը:

Զրույցին միանում է նախաձեռնության անդամներից Մարտին Սարգսյանը: «Եթե մեր ՊՆ-ն էս տիպի բան ուզենա ձեռք բերել, մենք նայել ենք շուկայական արժեքը լիցքավորիչների՝ 125-130 դոլար է, այսինքն՝ 2000 հատ գնելու դեպքում 250 հազար դոլարի ծախս են անելու: Մեր ներկայիս ծախսը՝ հանած աշխատուժը, մեկ լիցքավորիչը լինում է 3000 դրամի կարգի, այսինքն՝ նշածս քանակն ունենալու համար ընդամենը 6 մլն դրամ փող է պետք»,-նկատում է Մարտինը:

Տղաները պատմում են, որ լիցքավորիչը պատասխանատու մարմիններին ներկայացնելու առումով մի փոքր խնդիրներ են ունեցել՝ կապված ռազմական դրության հետ, սակայն կարողացել են, ի վերջո, օրինակները տեղ հասցնել ու ստանալ դրական արձագանք: Նոյեմբերի 4-ին հանդիպել են Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) հետ: «Իրենք արդեն տեղյակ էին, մենք մի փոքր վիդեո էինք նկարել տարածել, հեռակա կարգով գիտեին, որ նման բան ենք անում,-պատմում է Զավենը,-զրուցեցինք Կոմանդոսի հետ, շատ ոգեւորված էր, խմբաքանակ պատվիրեց՝ 50 հատ: Էս ընթացքում 200 հատ լիցքավորիչ ենք հասցրել դիրքեր, վաղն էլ մարդ կա գնացող, պիտի էս հավաքածն ուղարկենք»:

«Դե սա հագնելու բան չէ, որ ամեն զինվոր ունենա, ասենք՝ մեկ-երկու հատը մի ջոկատին հերիք է,-նկատում է Մարտինը,-կռվի ժամանակ զինվորներից մեկը միշտ նստած բլինդաժի մեջ լիցքավորման գործով է զբաղված, էստեղ հասցնելու հարցն է, որ կրակող զինվորը պարապ չմնա, որ լիցքավորված պահունակը ճիշտ ժամանակին հասնի»: Նախաձեռնության 6 անդամներից բացի, լիցքավորիչների պատրաստման գործին աջակցություն են ցուցաբերել նաեւ արտերկրում գտնվող ընկերները: 

«Գերմանիայի մեր ընկերները բրոնեժիլետ էին ուղարկել, քնապարկ, տեպլավիզատոր: Մենք էստեղ ենք արել ամեն հնարավորը, որ առաջնագծին օգնենք,-նկատում է Արամը,-ես էլ, եղբայրս էլ ծառայած ենք, բայց մեզ չեն տարել, Կոմանդոսն էլ ասեց, թե ամեն մարդու չէ, որ պետք է առաջնագիծ տանել՝ կարող են խանգարել, եւ որ լիքը մարդիկ թիկունքում ավելի մեծ գործ կարող են անել: Դե մենք էլ որոշեցինք թիկունքում գործել»:

Նոյեմբերի 9-ին արհեստանոցում կար 16 պատրաստի լիցքավորիչ, եւս 20-ը պիտի վերջնական տեսքի բերվեր, որպեսզի նոյեմբերի 10-ին ուղարկվեր առաջնագիծ, սակայն բացվող օրն այլ օրակարգ թելադրեց՝ լիցքավորիչներն այդպես էլ չհասան կռվող զինվորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter