HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արտադասարանական կրթություն արցախցի երեխաների համար

Թամարա Վանեսյանը լեզվաբան է, սեպտեմբեր ամսից Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղի դպրոցում անգլերեն է դասավանդել (Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ այս գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ)։

Պատերազմի սկսվելուց հետո Թամարան տեղափոխվել է Հայաստան, բայց շարունակել է աշխատանքը Դիլիջանում։

Նա մոտ մեկ ամիս է՝ Դիլիջանում է բնակվում, որտեղ Արցախից Հայաստան տեղափոխված ութ աշակերտների համար տարբեր դասընթացներ է կազմակերպում, անգլերեն դասավանդում, ֆիլմերի դիտումներ, քննարկումներ անցկացնում։ Այս երեխաներն իրենց հարազատների հետ բնակվում են «Տուն Արմենի» հյուրատանը։

Ասում է՝ շատ կարեւոր է այս օրերին կրթության դերը բարձր պահել եւ ամեն ինչ անել՝ երեխաներին կրթության իրավունքից չզրկելու համար։ «Պետք է հավաքենք մեր մտքերը, ուժեղ լինենք, որովհետեւ կրթությամբ շատ բան կկարողանանք փոխել»,- հավելում է Թամարան։

Նա «Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամի անդամներից է։ Նոր Սեյսուլան գյուղում մեկ ամիս է աշխատել, անգլերենից զատ 5-րդ դասարանցիների դասղեկ է եղել։ «Կարոտում եմ աշակերտներիս, մեկ ամիս հասցրեցի աշխատանքի հաճախել։ Երբ Հայաստան եկա, նրանց մի մասին գտա, կապ հաստատեցի, օնլայն դասերը շարունակում էի։ Հետո որոշվեց, որ տեղում աշխատենք Արցախից եկած երեխաների հետ»,- նշում է Թամարա Վանեսյանը։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Հայաստանի ԿԳՄՍ-ն հաղորդագրություն տարածեց, որ Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական և հոգեբանական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու և ջանքերը մեկտեղելու նպատակով՝ նախարարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, զարգացման ու ռեսուրս-կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների հետ, որոնցից մեկն էլ «Դասավանդի'ր, Հայաստանն» է։ Թամարայի խոսքով՝ հետպատերազմյան օրերին կարեւոր է ոչ միայն դպրոցների, այլեւ արտադասարանական կրթության դերը։ Թամարայի հետ Արցախից Տավուշ է եկել եւս 9 ուսուցիչ։

Դիլիջան տեղափոխվելուց հետո Թամարան առաջին օրը հյուրատան երեխաների հետ նկարչության դաս է անցկացրել, որը ոգեւորիչ է եղել, որոշել են շարունակել։ Նկարները մրցույթի են դնելու, հետագայում լավագույնները կվաճառվեն, իսկ գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Աշակերտ Նարինե Սաղյանը Արցախի Մարտունի քաղաքից է, Դիլիջանում նրա հետ են նաեւ մայրն ու քույրը։ Դիլիջանը հավանել է, բայց իր քաղաքը, դասարանը, դասընկերներին, ուսուցիչներին կարոտել է։ Նարինեն ուզում է բժիշկ դառնալ, որ դժվարին օրերին հիվանդների կողքին լինի։ Նարինեի կողքին Մանեն է, 4-րդ դասարանում է սովորում, Մարտունու շրջանի Գիշի գյուղից է եկել, լավ հիշում է՝ արդեն 46 օր Հայաստանում է։ Ուսուցչուհի Թամարայի դասընթացներից ամենից շատ սիրում է նկարչության դասը։ Այս երեխաները հաճախում են Դիլիջանում գտնվող դպրոցներ։ Դիլիջանում լավ են զգում, բայց ցանկությունը մեկն է՝ իրենց գյուղ վերադառնալ։

Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների ծնողներին Հայաստանի ԿԳՄՍՆ-ն կոչ էր արել երեխաներին տեղավորել բնակեցման վայրին մոտ գտնվող դպրոցում։ Ուսումնական գործընթացին նրանք կարող են միանալ առանց փաստաթղթերի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ դպրոցների տնօրենները տեղյակ են իրավիճակին եւ Արցախից եկածներին դպրոցներում ընդունում են՝ անկախ լիցենիզիայով հատկացված տեղերի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվել է Արցախի 30.000-ից ավելի կրթություն ստացող շահառուների իրավունքը: Այս մասին հայտնել էր Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter