HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 20 ինքնաթիռ ժամանել է Հայաստան

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ևս 20 ինքնաթիռ Հայաստան է տեղափոխել ռուս խաղաղապահների։ Այդ մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 ԻԼ-76 ինքնաթիռները և 2 Ан-124 «Руслан» ինքնաթիռները՝ տեխնիկայով և անձնակազմով, ուղևորվել են Հայաստան՝ մասնակցելու ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության իրականացմանը։ Ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևան քաղաքի օդակայաններում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Հայաստան են տեղափոխել 33 միավոր տեխնիկա՝ «Тигр» և «Рысь» տեսակի զրահամեքենաներ, բարձր անցանելիության բեռնատարներ, շինարարական և տարհանման մեքենաներ, նյութատեխնիկական ապահովման տեխնիկա և գույք։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր իրականացվել է 226 թռիչք։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին համատեղ հայտարարություն, որով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղում հաստատել հրադադար։ Ինչպես հայտարարել էր Պուտինը, հայկական և ադրբեջանական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ։

Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվի խաղաղապահ առաքելության 1960 զինծառայող, իսկ հրամանատարական շտաբը կգործի Ստեփանակերտում։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ խաղաղապահ առաքելության նպատակով Լեռնային Ղարաբաղ կփոխադրվի 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը կազմված է Կենտրոնական զինվորական օկրուգի 15-րդ առանձին խաղաղապահ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներից։ Ռուսական դիտակետերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter