HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստեփանակերտում սկսել է գործել Հումանիտարար արձագանքման ռուսական միջգերատեսչական կենտրոնը

Ստեփանակերտում նոյեմբերի 20-ից իր աշխատանքներն է սկսել Հումանիտար արձագանքման ռուսական միջգերատեսչական կենտրոնը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանական կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ նշելով, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը, առաջին պլան մղվեցին հումանիտար բնույթի խնդիրները։

«Շնորհիվ օպերատիվ որոշումների, որոնք ընդունվել են Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, հնարավոր է եղել կանգնեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։ Ներկայում ռուս խաղաղապահները հաջողությամբ ապահովում են միջոցառումների ողջ համալիրը, որը կապված է տարածաշրջանում խաղաղ կյանքի ապահովման հետ։ Այսօր առաջին պլան են մղվել հումանիտար բնույթի խնդիրները»,- նշել է Միզինցևը՝ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, տեղի ունեցած միջգերատեսչական գործակցության համաժողովի ժամանակ։

Միզինցևը նշել է, որ նոյեմբերի 20-ից Ստեփանակերտում կգործի Հումանիտար արձագանքման ռուսական միջգերատեսչական կենտրոնը։ Կենտրոնի հիմնական խնդիրները կլինեն մշտական բնակության վայրը լքած քաղաքացիների վերադարձը, Ադրբեջանի և Հայաստանի հետ գործակցությամբ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծումը, հումանիտար աջակցություն տրամադրող ռուսական պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության համակարգումը տարածաշրջանում, որը տուժել է ռազմական գործողությունների արդյունքում։

Միզինցևը նաև նշել է, որ Կենտրոնը կհամագործակցի Հայաստանի և Ադրբեջանի պետական մարմինների հետ՝ կազմակերպելու միջազգային հումանիտար կազմակերպությունների աշխատանքը տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Հումանիտար արձագանքման ռուսական միջգերատեսչական կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Դրա կազմում ներառվել էին Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության և անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև դաշնային իշխանության շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Կազմակերպչական հարցերի իրականացումը դրվել է ՌԴ պաշտպանության նախարարության վրա։

Լուսանկարը՝ РИА Новости-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter