HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստականներ՝ չճանաչված պետությունից. որ իրավունքով են նրանք պաշտպանված

Նոյեմբերի 9-ին արցախյան նոր պատերազմի արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունում նշված են Ադրբեջանին տրվող տարածքների հանձնման ժամկետները: Մարդիկ օրերի ընթացքում պետք է թողնեն իրենց տները, տնտեսությունը և բռնեն գաղթի ճանապարհը:

Նոյեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում փախստականների իրավունքների թեմայով առցանց զրույց տեղի ունեցավ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ:

«Արդյոք ողջամիտ ժամկետներ են սահմանված եռակողմ փաստաթղթում» հարցին Արա Ղազարյանը պատասխանեց. «Պայմանագիրը չէր կարող նախատեսել մարդկանց բռնի ուժով տեղահանում, մարդիկ իրենց ցանկությամբ են լքում իրենց բնակավայրերը՝ ունենալով երկյուղ, որ եթե Ադրբեջանի իշխանությունները ղեկավարեն նշված տարածքները, ապա իրենց կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը վտանգի տակ կլինի: Պետք էր հաշվի առնել մարդկանց՝ իրենց բնակավայրը թողնելու հավանականությունը և հավելյալ ժամկետ սահմանել: Չնայած նրան, որ ունեն ժամանակ տեղափոխության, սակայն դառնում են փախստականներ՝ երկյուղ ունենալով վերադառնալ իրենց բնակավայրեր»:

Փաստաբանի խոսքով՝ գույքային իրավունքը մարդու իրավունքների վերաբերյալ իրավական փաստաթղթերով է կարգավորվում. դա մարդու հիմնարար իրավունք է և չի դադարում մարդու մահանալով, հանրային իշխանության փոփոխությամբ: «Նույնիսկ եթե Ադրբեջանի իշխանություններն են կառավարելու այդ տարածքները, և նոր մարդիկ են բնակվելու, ապա սեփականության իրավունքը չի դադարում այդ փաստի ուժով: Եթե ադրբեջանական իշխանությունները որոշում կայացնեն, որ անձանց սեփականության իրավունքը դադարում է այն պատճառով, որ նրանք լքել են իրենց բնակավայրերը, ապա դա չի նշանակում, որ իրենց սեփականության իրավունքը դադարել է»,- ասաց պրն Ղազարյանը:

Արա Ղազարյանը մեկնաբանեց այն փաստը, որ Շուշիում բռնի ուժով տեղահանել են հայ ծերունուն:
«Ակտիվ պատերազմական շրջանում հակամարտող կողմերը չեն մտածում մարդկանց հիմնարար իրավունքների մասին՝ կարևորելով մարդկային կյանքերը: Իշխանությունները կայացրեցին նախնական որոշում, որպեսզի ապահովեն մարդկանց կյանքի իրավունքը՝ նրանով, որ հետագայում բանակցության սեղանի շուրջ կբարձրացվեն հարցեր՝ փախստականների վերադարձը, նրանց փոխհատուցումը, գույքային իրավունքի վերականգնումը: Մենք տեսանք, որ դրա առաջին դրսևորումն այն էր, որ ժամկետը երկարացվեց: Գույքային իրավունքների վերականգնում պետք է արվի կամ փոխհատուցման միջոցով, կամ պայմաններ ստեղծելով, որ նրանք վերադառնան և օգտագործեն իրենց գույքը:

Շատերն այրում են իրենց տները, շատերն իրենց տները  ձեռք են բերել հիփոթեքային վարկի միջոցով, ունեն նաև բիզնես վարկեր: Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը, եւ ո՞վ պետք է փոխհատուցի։ «Այս ամենում մեղավոր է միայն Ադրբեջանը, Հայաստանը կկիրառի փախստականների նկատմամբ որոշակի սոցիալական քաղաքականություն՝ մեղմելով վնասը հարկատուների հաշվին: Հետագայում, եթե նրանք պահեն սեփականության վկայականները և իրենց տները չվնասեն, իրավական գործընթաց կարելի է սկսել Ադրբեջանի դեմ՝ նրանց իրավունքներն անուղղակիորեն խախտելու համար: Եթե հետագայում խաղաղության պայմանագիր ստորագրվի, մի ամբողջ բաժին պետք է վերաբերի փախստականներին և նրանց իրավունքներին»,- ասաց իրավաբանը:

Արա Ղազարյանը նշեց, որ իրենց բնակավայրերը հարկադրված լքած արցախցիները Հայաստանի կողմից փախստականի կարգավիճակ պետք է ստանան, սակայն փաստացի նրանք ապաստան հայցող են: Հայաստանը սոցիալ-տնտեսական հարցերը ժամանակի ընթացքում կլուծի: Այս գործընթացին ներգրավվելու է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը՝ մշտադիտարկում անելով և օգնության տարբեր ծրագրեր իրականացնելով:

Չի բացառվում, որ փախստականներն ընտրեն նաև արտերկիր գնալու ուղին, նման դեպքում կարգը հետեւյալն է. «Մարդը, եթե ապաստան է հայցում, պետք է ինչ-որ կերպ հասնի այդ պետություն: Անձը չի կարող հայցել ապաստան այդ պետության դեսպանատնից, բացառությամբ, եթե պետությունը նման ծրագիր իրականացնում է: Միջազգային իրավունք է` թույլ տալ ապաստան հայցողներին մուտք գործել երկիր, ապա որոշել` տա՞լ նրանց փախստականի կարգավիճակ, թե ոչ»:

Հանձնված բնակավայրերում տնտեսություն թողած մարդկանց նույնպես պետք է փոխհատուցեն։ «Եթե այն հայտնվելու է Ադրբեջանի տիրապետության ներքո, այդ դեպքում հենց Ադրբեջանն էլ պետք է փոխատուցի այդ քաղաքացիներին: Նույն իրավունքի նույն ուժով նրանք կարող են եվրոպական դատարանից հայցել իրենց խախտված  իրավունքի վերականգնումը կամ փոխատուցումը: Բայց հնարավոր է, որ ոչ թե իրավական միջոցներով այս հարցերը լուծվեն, այլ քաղաքական՝ միջազգային պայմանագրով, եթե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն»,- ասաց միջազային իրավունքի մասնագետը:

Առցանց հանդիպման ավարտին Արա Ղազարյանը նշեց, որ ովքեր առանց որևէ փաստաթղթի են եկել Հայաստան, ապա Հայաստանը պետք է ժամանակավոր միջոցառումներ ձեռնարկի այդ մարդկանց անհրաժեշտ փաստաթղթերով ապահովելու համար: Ցավոք, ոչ մշտական, բայց իրավիճակը կարելի է մեղմել:

Հովեյան Վիկտորյա

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter