HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԻՆ հումանիտար օգնության երկրորդ ավտոշարասյունը մեկնել է Արցախ

ՌԴ ԱԻՆ հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ավտոշարասյունը Ռուսաստանի Ռոստովի մարզից շարժվել է Արցախ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունը արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասի տարածքով։ Այսօրվա ընթացքում այն կանցնի 630 կիլոմետր։ Ընդհանուր առմամբ շարասյունը բաղկացած է 35 միավոր տեխնիկայից և անձնակազմի մոտ 40 անդամներից»,- նշել է ռուսական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարությունը հայտնել է, որ ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21-ի կեսօրին։ «Այս պահի դրությամբ շարասյանը մնացել է անցնել մոտ 70 կիլոմետր տարածություն»,- հավելել է ռուսական գերատեսչության մամլո ծառայությունը։

Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոշարասյունները Ստեփանակերտ կտեղափոխեն 345 տոննա հումանիտար օգնություն։ Դրանք շինարարական նյութեր են, որոնք կօգտագործվեն սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար։ 

Հումանիտար օգնության առաջին շարասյունը Արցախ է մեկնել նոյեմբերի 20-ին։ Նոյեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինի հետ տեսազանգի ժամանակ ՌԴ ԱԻՆ ղեկավարը հայտարարել էր, որ ևս մեկ շարասյուն Ստեփանակերտ կմեկնի նոյեմբերի 21-ին։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter