
Ալավերդում տոնել են ռեժիսոր Ռուսլան Սադաղյանի 60-ամյակը
Երեկ, երբ աշխարհը տոնում էր թատրոնի միջազգային տոնը, Ալավերդու քաղաքային թատրոնը ռեժիսոր Հրաչյա Պապինյանի նախաձեռնությամբ թատերասեր ալավերդցիների հետ նշեց քաղաքային թատրոնի դերասան և Ակներ գյուղի թատրոնի ռեժիսոր Ռուսլան Սադաղյանի ծննդյան 60 և բեմական գործունեության 50-ամյակները:
Դերասանի բեմական ողջ կյանքն անցել է Ակների գյուղական և Ալավերդու քաղաքային թատրոններում: Իր կյանքի 50 տարիներին ռեժիսոր Ռուսլան Սադաղյանը շուրջ 15 ներկայացումներ է բեմադրել իր ծննդավայր Ակներ գյուղում: Ալավերդու քաղաքային թատրոնում խաղացել է 25-ից ավելի դերերում: Այդ տարիներին նրա յուրովի բացահայտած շատ կերպարներ արժանացել են հանդիստատեսի ջերմ ընդունելությանը:
Հոբելյարի մեծարման երեկոյին, սակայն, թատրոնի լոռեցի մասնագետների և թատերասերների կողմից առանձնապես հիշատակվում էր Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի հերոսի` Բրիդուազոնի կերպարի անկրկնելի բացահայտումը:
Ռուսլան Սադաղյանը Ալավերդու քաղաքային թատրոնի այն դերասաններից է, ով երբեք չի ընկրկել ցուրտ ու մութ տարիների դժվարություններից, թատրոնի նվիրյալին հարիր արժանապատվությամբ, շատ դեպքերում առանց աշխատավարձի, թատերական անմոռանալի պահեր է պարգևել ալավերդցիներին և իր ծննդավայր Ակների թատերասերներին:
Մշակույթի մշակի մեծարման երեկոն ընթացավ թատերական ներկայացումներով: Հանդիսատեսի և դերասանի այս անգամվա հանդիպումը ամենսրտառուչն էր. «Այս հանդիպումը առանց ձևաչափի է, ինչպես ասում են, առանց դիմակի: Ես ուզում եմ այս հանդիպման ընթացքում ճանաչեք մեկին, ում հետ հետ շփվել եք միայն բեմից»,- ասաց դերասանը: Ակները լոռեցիներին հայտնի է թատերասեր իր գյուղացիներով: Այս առումով դերասանը իր համար պատիվ համարեց, որ ծնվել է արվեստասեր այդ գյուղում` թատրոնի նվիրյալներ Սարգիս և Սիրան Սադաղյանների ընտանիքում: Թատրոնի մարդուն հատուկ կատարողականությամբ Ռուսլան Սադաղյանը հիշեց իր մանկության տարիների շատ տարածված ս տառով սկսվող և ամփոփ միտք արտահայտող 7 բառերի բառախաղը. «Մեր ազգանունը Սադաղյան է, պապիս անունը Սիմոն, հորս անունը Սարգիս և այդ բառախաղը սա է. Սդաղանց Սիմոնի Սարգիսը սարումը սիրեց սիրուն Սիրանին և էդ սերը ծնեց երկու պտուղ: Մեկը աղջիկ` քույրս, մյուսը ես ձեր խոնարհ ծառան»:
Դերասանը թատրոնի նկատմամբ իր հետաքրքրությունը դրսևորել է շատ փոքր հասակից: Իր համագյուղացի Ջիվան Կոնինյանից է նա սովորել ակորդեոնի և դհոլի վրա նվագել: Իր առաջին դերը Ռուսլանը խաղացել է 1975 թ.-ին Ակների գյուղական թատրոնի ղեկավար Աշխարհբեկ Ծատինյանի ռեժիսորությամբ: Դերասանը Ակների թատրոնի և իր կայացման գործում հիշեց Ակների թատրոնի մեկ այլ երախտավորի` Կոլյա Կոնինյանին. «Այս մարդկանց շնորհիվ Ակների գյուղական թատրոնը իսկապես դարձավ թատրոն: Այս մարդիկ թատրոնի ոլորտում մեծ գործեր չեն արել, բայց գյուղում թատրոն են ստեղծել: Եվ պատկերացնում եք, Ակների թատրոնի կենսագրությունը 90 տարիների է հասնում: Եվ երբ 1998 թ.-ին Ակների թատրոնի համար մի փոքր բրոշյուր էի ստեղծել, այնտեղ՝ այդ մի փոքր գյուղում, թվագրվել էր 300-ից ավելի դերասան: Կոլյա Կոնինյանը մի շվիով գյուղական երգի պարի խումբ է պահում: Շրջանային ու քաղաքային օլիմպիադաներում Ակների թատրոնը և այդ պարի խումբը միշտ էլ մրցանակներ էր ստանում»:
Գյուղական մշակութային այդ միջավայրն էլ եղել է Ալավերդու քաղաքային թատրոնի դերասան և ռեժիսոր Ռուսլան Սադաղյանի արվեստի ակունքը: Ակներեցի մեկ այլ ռեժիսոի Ռուբիկ Հակոբյանը Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումն ավարտելու ժամանակ որպես կուրսային և դիպլոմային աշխատանքներ, հայրենի գյուղում 1977 թ.-ին բեմադրում է Հովհ. Թումանյանի «Անուշ» և Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» ստեղծագործությունների թատերականացված ներկայացումը: «Երկու ներկայացումներում էլ ես խաղացել եմ: «Անուշում» խաղացել եմ Մոսի, իսկ «Լալվարի որսում»` Աշուղ»,- ասաց դերասանը: Այստեղ էլ Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնի դասախոսներ Վրույր Մանվելյանը և Մարտին Մաթոսյանը Ռուբիկ Հակոբյանի ներկայացումները դիտելուց հետո Ռուսլան Սադաղյանին խորհուրդ են տալիս սովորելու Էջմիածնի ակաումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնում, որը Ռուսլանը 1977 թ.-ին ընդունվում և 1980 թ.-ին ավարտում է:
Հետայդու Ռուսլան Սադաղյանի աշխատանքային ողջ կենսագրությունը շաղկապվում է ծննդավայրի և Ալավերդու մշակութային կյանքի հետ` 1980 թ.-ից նա աշխատել է Ալավերդու քաղաքային 2-րդ ակումբի վարիչ, քաղաքային զբոսայգու գեղմասվար, Ակների ժողթատրոնի ռեժիսոր և Ալավերդու քաղաքային թատրոնի դերասան: Նա եղել է նաև Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի նվագակցող: Ռուսլան Սադաղյանի դերասանական համբավը լայն սահմաններ չի հատել, սակայն նրա դերասանական մեծ աշխարհի պոռթկումները արժևորող և թատորը գնահատող իր հայրենակիցների ծափերը նրան լիուլի բավարարել են իրեն մեծ դերասան զգալու համար:
Մեծարման երեկոյին դերասանի խոսքը նաև գնահատանք էր աշխատանքային իր ընկերների և թատրոնի կազմակերպիչների հասցեին: Ռուսլան Սադաղյանին ծննդյան 60-ամյակի և բեմական կյանքի 50-ամյակի առթիվ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նրա բեմական ընկերները, համագյուղացիները և իրենց չընդհատվող ծափերով Ալավերդու և Ակների թատրոնի սիրահարները: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը Ռուսլան Սադաղյանի համարեց Ալավերդի քաղաքի մշակույթի նվիրյալ: Ծննդյան 60-ամյակի և բեմական գործունեության 50-ամյակի առթիվ նրան հանձնեց պատվոգիր: Հոբելյարին շնորհավորեց և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից պատվոգիր ևու դրամական պարգև հանձնեց մարզպետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Յուրաքանչյուր շնորհավորանք դերասանը պատասխանում էր իր կերտած հերոսների մենախոսությունների արտասանությամբ և երգով: Ռուսլան Սադաղյանի մեծարման երեկոն դերասանի բեմական գործունեության արժևորման և թատրոնի նկատմամբ ալավերդցի հանդիսատեսի սիրո դրսևորում էր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել