HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արցախցիների նախնական կայանման կենտրոն են դիմում այն քաղաքացիները, որոնք վերադարձի հույս չունեն

Արցախից տեղահանված և կացարանի կարիք ունեցող քաղաքացիները ներկայանում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Արաբկիրի հայորդաց տուն, որտեղ գործում է արցախցիների նախնական կայանման կենտրոնը: Արցախի Հանրապետությունից բնակչության տեղահանումն սկսվել էր պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայանման կենտրոնը սկսել է գործել հոկտեմբերի 7-ից: 

Կենտրոնի սրահում խմբված մարդիկ նորեկներ չեն, տեղահանվել են պատերազմի առաջին օրերին: Հայաստանում ապաստանել են հարազատների կամ անծանոթների հյուրընկալ տներում, անհատների աջակցությամբ՝ հյուրանոցներում, հյուրատներում և տարբեր հիմնարկների կացարաններում: Երբ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև ստորագրվեց հայտնի եռակողմ հայտարարությունը, որով պատերազմը դադարեցնելու հետ միասին հայտարարվեց «ցավոտ փոխզիջման» մասին, այդ պահից նրանք հասկացան, որ այլևս անտուն են: Սկսեցին դիմել նախնական կայանման կենտրոն՝ իրենց կացարանով ապահովելու համար:

Կենտրոնում հարցերը կարգավորում է բաշխիչ կայանի պատասխանատու, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության պետ Հայկ Մուրադյանը: Նա հայտնեց, որ իրենք հաշվառում են կարիքավորներին, իսկ արցախցիներին կացարանով ապահովելու համար զբաղվում է նախարարության սոցիալական աջակցության օպերատիվ շտաբը: «Կացարանները, հիմնականում, ներկայացնում են պետական հիմնարկներին պատկանող հանրակացարաններ կամ դպրոցներ, կամ մասնավոր հյուրատներ, հյուրանոցներ: Մեր շտաբը բանակցում է հյուրանոցների հետ և պայմանավորվում որոշակի թվով մարդկանց այնտեղ տեղափոխելու համար: Տեղափոխումը մենք ենք իրականացնում»,- ասաց բաշխիչ կայանի պատասխանատուն:

Հայկ Մուրադյանի ասելով՝ առայսօր հազարավոր քաղաքացիների են տեղափոխել կացարաններ: Դիմողները Հադրութ, Ասկերան, Ստեփանակերտ, Շուշի բնակավայերից են, վերջին օրերին գալիս են Քարվաճառից և Քաշաթաղից: «Բնականաբար, կացարանների հնարավորությունն անսահմանափակ չէ, բայց մարդիկ դրսում չեն մնում: Կայանում արցախից տեղահանված քաղաքացիները մնում են երկու օր, մինչև հիմնական կացարաններ տեղափոխելը նրանց ապահովում ենք սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով, հոգեբանական և բժշկական ծառայություններով»,- հայտնեց Հ. Մուրադյանը: 

Մեր այցելության օրը կենտրոնում հերթապահում էր Մարի Իզմիրլյան մանկատան բժիշկ Վարուժան Մազմանյանը: Նա հայտնեց, որ քաղաքացիների մոտ գերակշռողը սրտանոթային համակարգի հիվանդություններն են, շաքարային դիաբետը, նյարդային խանգարումները և այլն: Այստեղ նրանց առաջին օգնություն են ցուցաբերում, անհրաժեշտության դեպքում  ուղղորդում են Երևան քաղաքի պոլիկլինիկաներ կամ մասնագիտացված բժշկական հաստատություններ: Այցելուների մեջ եղել է կոտրվածք ունեցող՝ ուղարկել ենք վիրահատության, ծանր հղիություն է եղել՝ հիվանդանոց է տեղափոխվել: Հոսպիտալից դուրս գրված և ընտանիքին միացած վիրավոր զինվորին վիրակապել են և այլն: 

Մեր այցելության ժամանակ արցախցիների նախնական կայանման կենտրոնի սրահում հավաքվածները Շուշիից, Հադրութից, Մարտունիից տեղահանվածներն էին: Նրանք սպասում էին, թե երբ են իրենց տեղափոխելու կացարաններ:

Շուշիից բնակչությունը տեղահանվել էր սեպտեմբերի 28-ին՝ կանայք էին իրենց երեխաների հետ: Նրանք ասացին, որ հասցրել են միայն անձնագիր և ծննդյան վկայական վերցնել: Հրետակոծությունն այնքան սաստիկ է եղել, որ բնակարանի, տան սեփականության վկայական և այլ փաստաթղթեր վերցնելու հնարավորություն անգամ չեն ունեցել: 

Արուսյակ Գրիգորյանն ընտանիքի մի մասի հետ երկրորդ օրն էր կենտրոնում և սպասում էր, որ իրենց տեղափոխեն կացարան, որից հետո կտեղափոխի բարեկամի տանը գտնվող երեխաներին: Նրանք Հադրութի Առաքել գյուղից են, ընտանիքը հոկտեմբերի 2-ին է տարհանվել, 43-ամյա կնոջ ասելով՝ երբ թուրքն արդեն գյուղի մոտերքում էր կրակում: Սկզբում Ստեփանակերտ են տեղափոխվել, որովհետև մտածում էին պատերազմը կարճ կտևի, բայց երբ այդ հույսն էլ կորցվեց՝ նրանց տեղափոխեցին Հայաստան: Հոկտեմբերի 2-ից Մասիսում բնակվող բարեկամի տանն են գտնվել: Սկեսրայրը մահացել է այդտեղ, նրան հուղարկավորել են այդ գյուղում:

«Մի 10 օր առաջ դիմել էինք կենտրոն՝ կացարանով ապահովելու համար, մեզ ասացին, որ պետք է գանք այստեղ մնանք և այստեղից տեղափոխեն մեզ: Երկու օր է այստեղ ենք ընտանիքով, ամուսինս արցախյան պատերազմի ժամանակ վիրավորվել էր, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի մասնակից է: Մի քանի ամիս առաջ վիրահատվել է՝ հեռացրել են երիկամը»,- պատմում է Արուսյակը: 

Նա Առաքել գյուղի դպրոցում դասվար է աշխատել: Ասում է, որ արցախյան պատերազմի ժամանակ, 1990-ականներին, նույնպես գյուղից դուրս էին եկել, երբ Արցախն ազատագրվեց՝ վերադարձան, տունը շենացրին: Հիմա կրկին նույն վիճակում են հայտնվել: 

Մարտունի քաղաքի բնակչուհի Զարինե Հովհաննիսյանը (նա չցանկացավ իրական անունը հայտնել) պատմեց, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին թիրախը Մարտունի քաղաքն էր: «Առաջին զոհը, առաջին վիրավորը եղել է Մարտունի քաղաքում, որից հետո մենք հեռացանք շրջակա գյուղերը, բայց որոշ ժամանակ հետո գյուղերում էլ անվտանգ չէր: Սեպտեմբերի 30-ին սկեսուրս մահացավ այդ գյուղում, տարանք Մարտունի, մինչև երեկո պահեցինք, որ հրետակոծումը փոքր ինչ հանդարտվի կարողանանք հուղարկավորել, որից հետո արագ հեռացանք քաղաքից: Հոկտեմբերի 25-ից տեղափոխվեցինք Հայաստան: Թոռնիկներս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում էին մնում, բայց այնտեղ այլևս տեղ չկար, տնօրենը մեզ տեղավորեց իր քրոջ տանը, որպեսզի մի քանի օրվա ընթացքում մեզ բնակվելու տեղ գտնենք: Հոկտեմբերի 31-ին եկանք կենտրոն և գրանցվեցինք, որպեսզի մեզ կացարանով ապահովեն: Այդ ընթացքում ամուսինս ջերմություն ունեցավ, մեզ մեկուսացրին կորոնավիրուսի կասկածով,  17 օր հետո թեստավորեցին, պատասխանը բացասական էր և մեզ ուղարկեցին այստեղ: Արդեն երկու օր է սպասում ենք, որ կացարան ուղարկեն»,- պատմեց կենսաթոշակառու կինը: 

Մարտունին Արցախի Հանրապետության կազմում է մնացել, բայց շրջակա գյուղերը Ադրբեջանին են հանձնվել: Արցախի Հանրապետութան նախագահը հայտարարեց, որ վերադարձողներից կոմունալ վճարներ չեն գանձվի: Զրուցակիցս աում է՝ «հասկանալի է, դրանով շահագրգռում են, որ վերադառնանք մեր բնակվայրերը, բայց իմացանք, որ մեր տան մի մասը հրդեհվել է: Բացի այդ, մեր քաղաքում գազ, հոսանք, ջուր չկա և հայտնի չէ, թե երբ կլինի, կոմունալ վճարները զիջելը մեզ համար չէ:

Ասում է, որ Արցախում նռան այգիներ ունեն, 50-60 տոննա նուռ կա հիմա այնտեղ, որը հավաքել չեն կարող: «Մենք երկու պատերազմ էինք տեսել մինչ այս: Սկզբում մտածում էինք, որ մի քանի օրից պատերազմը կավարտվի, քանի որ 2016թ.-ի ապրիլյանը կարճ տևեց, մեզ մոտ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, որ մի քանի օրից կավարտվի: Չգիտեինք, որ Թուրքիան էլ կա այս անգամ: Եթե սկզբից տեսան, որ թուրքերն են, հետն էլ՝ սիրիացի վարձկանները, ինչո՞ւ չդադարեցրին պատերազմը: Ո՞ւմ էր պետք սա: Մեր հարազատներից էլ տեղեկություն չունենք, զոհերի մասին չգիտենք, բոլորս ցրված ենք»,- ասաց զրուցակիցս:   

Տեղահանվածները հոգեբանական ծանր վիճակում են գտնվում, երեխաները վախերը չեն հաղթահարել: Ծնողներն ասում են, որ այստեղ էլ ինքնաթիռների հռնդյունը լսելիս, անգամ  գիշերը, վեր են թռնում և ուզում են վազել նկուղ:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter