
Տիգրան Աթանեսյան․ «Արթուր Դանիելյանը չի ընդունում կասկածանքը, այն համարում է ստոր քաղաքական հետապնդում»
«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի, «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի, շարժման անդամ, նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ձերբակալման որոշումների դեմ բողոքներ է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ձերբակալվածների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Դանիելյանը, Մալյանը, Մելքոնյանն ու այլ անձինք բերման են ենթարկվել, ապա՝ ձերբակալվել երեկ՝ նոյեմբերի 20-ին՝ անօրինական հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով։
«Արթուր Դանիելյանը չի ընդունում կասկածանքը, այն համարում է ստոր քաղաքական հետապնդում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ Մալյանն ու Մելքոնյանը նույնպես չեն ընդունում իրենց վերագրվող կասկածանքը։
Երևանի ընդհանուր իրավասությանն արդեն քննել է Մալյանի և Մելքոնյանի ձերբակալման դեմ բողոքներն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Տիգրան Աթանեսյանը ընդգծեց, որ քրեական գործը, որի շրջանակներում իր պաշտպանյալները ձերբայկալվել են, հարուցվել է նոյեմբերի 19-ին, մինչդեռ հավաքները, որոնց կազմակերպումն ու անցկացումը վերագրվում է իրենց, տեղի են ունեցել նոյեմբերի 20-ին։
«Այսինքն՝ հանցանքը կատարվել է քրեական գործի հարուցվելուց հետո»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։
Լրացված․17:00. Տիգրան Աթանեսյանը տեղեկացնում է, որ Նարեկ Մալյանն ու Ռոբերտ Մելքոնյանն ազատ են արձակվել։
Մեկնաբանել