HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Գումարտակի հրամանատարն առանց հիմնավոր պատճառի հավատում է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել

Մարտի 27-ին՝ ժամը 12-ին, Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:

Այս նիստը «Ազատություն» ռադիոկայանի համար տեսագրում էր  Վանաձորի «Լոռու ՄԻԳ» հեռուստառադիոընկերության հեռուստաօպերատորը: Հարցնելով տեսագրողի եւ լրատվամիջոցի մասին տվյալներ` դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ադրբեջանական հեռուստալիքները հատվածներ են ցուցադրում այս դատից, եւ զգուշացրեց, որ լրագրողների կողմից «համապատասխան ինֆորմացիայի արտահոսք չլինի», որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրների դեպքում նրանք  պատասխանատվություն են կրելու:  

Նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը բացարկ էին հայտնել գործով մեղադրող Հարություն Հարությունյանին: Նիստի սկզբին  մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց դատական նիստը կարճ ժամանակով ընդմիջել, որպեսզի իրեն բացարկ հայտնած տուժողն ու նրա ներկայացուցիչը, ովքեր այդ պահին Իջեւան գալու ճանապարհին էին,կարողանային  ներկա լինել իրենց միջնորդության քննարկմանը:

Դատավոր Սամվել Մարդանյանը 20 րոպեով նիստն ընդմիջեց: Ժամը 12-անց 45 րոպեին վերսկսված նիստին  ներկայացան տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեց իրեն հայտնված բացարկին` ասելով, որ դրա համար բավարար իրավական հիմքեր չկան: Բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Ս. Մարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ժամը 14-ին վերսկսված դատական նիստում  դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց  մեղադրող Հարություն Հարությունյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը:

Այնուհետեւ դատարանը լսեց վկա, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Միշա Գաբիրելյանին: Ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ դատակոչված մյուս վկան`Գարեգին Սայադյանը, ավելի շուտ է դատարան ներկայացել, ուստի ճիշտ կլինի սկզբից Սայադյանին հարցաքննել, սակայն դատավորը որոշեց առաջնահերթ Միշա Գաբրիելյանին հարցաքննել:  

Արտակ Նազարյանի մահվան  դեպքից հետո  վերջինիս տեղափոխել են Ճամբարակ, մի տարով պաշտոնն իջեցրել: Գումարտակի հրամանատարն ասաց, որ Արտակ Նազարյանի հայրը վատառողջ էր, վերջինս  այցելել  է Արտակին, ոչ մարտական հերթապահության օրերին Արտակ Նազարյանը մի քանի անգամ բացակայել է ծառայությունից, սակայն ինքը հարգելով Արտակի համեստությունը` դրա կապակցությամբ զեկուցագիր չի ներկայացրել: Մեղադրող Հարություն Հարությունյանը վկային հարց տվեց, թե Արտակ Նազարյանի մարմնին ինչ վերքեր է տեսել: Դահլիճում վատացավ Արտակի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը, Ծովինար Նազարյանը մորը մի բաժակ ջուր տվեց: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը առարկեց այդ հարցի դեմ՝ ասելով, որ Իջեւանում Մ. Գաբրիելյանը Արտակ Նազարյանի մարմինը տեսել է դեպքից 10 ժամ անց, ուշ երեկոյան, որ Մ. Գաբրիելյանը Արտակի մարմնի զննություն չի կատարել: Դատավոր Ս. Մարդանյանը հարցը հանեց:  Ա. Նազարյանի նախկին հրամանատարն ասաց, որ ինքը ամոթից չի կարողացել մասնակցել Արտակի հուղարկավորությանը: Դահլիճից  հնչեց Ա. Նազարյանի մոր`Հասմիկ Հովհաննիսյանի ձայնը. «Ինքնասպան լինեիր, տականք»:

Միշա Գաբրիելյանը Արտակ Նազարյանին բնութագրեց որպես կիրթ, համեստ անձնավորության՝ հավելելով, որ նա մասնակիորեն է կարողացել կատարել դասակի հրամանատարի պարտականությունները, գործնական որոշ առաջադրանքներում Արտակը դժվարացել է, նա չէր սիրում զինվորական գործը:

Արտակի մահվան օրը` 2010 թ. հուլիսի 27-ին, փոխգնդապետ Մ. Գաբրիելյանը եղել է արձակուրդում: Կապիտան Հակոբ Մանուկյանը Արտակի  նոթատետրը  մի գրության հետ հանձնել է գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Նաջարյանին՝ պահանջելով այդ մասին  ոչ մեկի չասել: Արտակի մահվան դեպքից հետո Նաջարյանը դրանք տվել է Գաբրիելյանին, սակայն վերջինս  իրեղեն ապացույց հանդիսացող այդ գրությունը եւ նոթատետրը օրեր անց է  հանձնել նախաքննական մարմնին:

Փոխգնդապետ Մ. Գաբրիելյանը դատարանում ասաց, որ դրանց մասին մոռացել էր, չէր կարծում որ նոթատետրն ու գրառումը գործի համար կարեւոր են: Այդ գրության մեջ  Արտակ Նազարյանը իբր պատվիրել էր իր մահվան գործում ոչ մեկին մեղավոր չհամարել, այդ գրառման մի մասը ջնջված է:  Վկայի հարցաքննությունից հետո մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները եւ ամբաստանյալի պաշտպանները դեմ էին դրան, սակայն դատավոր Մարդանյանը  բավարարեց միջնորդությունը:

Մեղադրող Հայկ Հարոյանը մեծ դժվարությամբ էր ընթերցում Միշա Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքերը, որոնք գրված էին քննիչ Մադաթյանի ձեռամբ: Վկա Գաբրիելյանը, պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հարցին, ասաց, որ Արտակ Նազարյանին սպանելու պատճառներ չկային: Վկան համոզված էր, որ Արտակն ինքնասպանություն է գործել, սակայն դրա համար որեւէ պատճառ չկարողացավ նշել: Մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը  երկար ժամանակ վկային հարցեր էին ուղղում, հարցերն էլ հաճախ կապ չունեին մեղադրանքի հետ: Մեղադրողները, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի խոսքերով, «ջուր էին ծեծում», «ժամավաճառություն» էին անում, ինչի համար  դիտողության արժանացան Ռուբեն Մարտիրոսյանի եւ դատավոր Սամվել Մարդանյանի կողմից: Հաջորդ դատական նիստում, որը կկայանա ապրիլի 17-ին, կհարցաքննվի գործով առանցքային վկա Գարեգին Սայադյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter