HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները

Վրաստանում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, երկրի 17 մեծամասնական ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրություններում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները։ Ընդդիմության ներկայացուցիչները ավելի վաղ հրաժարվել էին մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին՝ այն անվանելով «ֆարս», և կոչ արել իրենց կողմնակիցներին չմասնակցել դրանց։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների ընդամենը 26,29 %-ը։ Սա անհամեմատ ավելի ցածր ցուցանիշ է, քան 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ (37,5 %)։

Երկրորդ փուլի ընթացքում ամենապասիվը եղել են Թբիլիսիի բնակիչները։ Մայրաքաղաքում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների մոտ 22 %-ը։ Թբիլիսիում ընտրություններն անցել են բոլոր ութ շրջաններում, քանի որ առաջին փուլի ընթացքում թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, որն անհրաժեշտ էր հաղթելու համար։ Ամենաակտիվը եղել են Կախեթիի բնակիչները, որտեղ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,7 %։

Յուրաքանչյուր ընտրատարածքի քվեաթերթիկներում եղել է երկուական թեկնածու, սակայն ընդդիմության թեկնածուների անունները միայն ձևականորեն են եղել, քանի որ կառավարության ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին՝ չընդունելով առաջին փուլի արդյունքները։ Բոլոր 17 ընտրատարածքներում իշխող կուսակցության թեկնածուներն անցել էին երկրորդ փուլ և ընտրությունների արդյունքներով հաղթող ճանաչվել։

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որի թեկնածուները առանց մրցակիցների էին մնացել ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, ընտրությունների ողջ օրը իր կողմնակիցներին և ընտրողներին կոչ է արել գնալ ընտրատեղամասեր։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ չնայած ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, նրանք ծածուկ մոբիլիզացնում են իրենց ընտրողներին, ինչը հերքվել է ընդդիմության կողմից։

Ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, որոնք հաղթահարել էին ընտրական շեմը, հրաժարվում են մտնել խորհրդարան՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուի ժամանակ գրանցվել են մասշտաբային ընտրախախտումներ։

Չնայած ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշներին՝ իշխող կուսակցությունը գոհ է ընտրությունների արդյունքներից։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իռակլի Կոբախիձեն, ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, հայտարարել է, որ արդեն գիտի ընտրությունների նախնական արդյունքների մասին։

«Ինչպես և սպասվում էր, «Վրացական երազանքի» բոլոր 17 թեկնածուները ստանում են պատգամավորական մանդատները։ Համապատասխանաբար, ապագա խորհրդարանում «Վրացական երազանքը» կունենա 90 պատգամավոր»,- հայտարարել է Կոբախիձեն։ Ավելի ուշ, իշխող կուսակցության հաղթանակը հաստատել է նաև Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում։ Ընդհանուր առամբ, շրջանային հանձնաժողովներն ստացել են 12 բողոք, որոնց մեծ մասը վերաբերվել են ընթացակարգային բացթողումներին։ Սակայն դիտորդները հայտարարել են որոշ ընտրատեղամասերում էական խախտումների մասին։ Երիտասարդ իրավաբանների վրացական ասոցիացիան (GYLA), որի դիտորդական առաքելությանը մասնակցել է ավելի քան 200 դիտորդ, գրանցել է ավելի քան 100 ընտրախախտում։ Դրանք հիմնականում կապված են եղել քվեարկության գաղտնիության խախտման, ընտրողների քվեարկության ուղղորդման և դիտորդների աշխատանքը խանգարելու հետ։ Դիտորդական առաքելությունը նաև հայտարարել է, որ ինչպես ընտրությունների առաջին փուլի ժամանակ, ընտրատեղամասերի մոտ եղել են անհայտ անձինք։ ISFED-ի դիտորդներն էլ հայտնաբերել են կրկնաքվեարկության, ինչպես նաև ընտրակաշառքների որոշակի դեպքեր։

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ, որը պետք է կազմակերպի ընտրական նոր վարչակազմը։ Զուգահեռաբար, «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որը քվեարկել է Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում, հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ի արդյունքներով Վրաստանի խորհրդարան են անցել 9 կուսակցություններ։ «Ինչպես գիտեք, քաղաքական որոշ կուսակցություններ ավելորդ էմոցիայով և հավակնություններով են ամրապնդում իրենց դիրքերը։ Սակայն կարծում եմ, որ կհաղթի առողջ բանականությունը, և մենք իրավամբ կունենանք բազմակուսակցական ներկայացուցչական խորհրդարան»,- ասել է Իվանիշվիլին։

Լուսանկարը՝ AP Photo/Shakh Aivazov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter