HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավորին

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի լրատվական ծառայությունը:

Դիմավորման արարողությունից հետո կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրուցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, ողջունելով Հայաստանի նախագահի այցը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունն ու պատմական կապերը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում առկա ներուժն օգտագործելու հնարավորություններին՝ Հայաստանի նախագահն ու Հորդանանի թագավորը պատրաստակամություն են հայտնել առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: Նրանց խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում, Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերին, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ մտահոգություն առաջացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերին, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերի հետ:

Նախագահ Սարգսյանը Հորդանանի թագավորին տեղեկացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքների, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակի մասին: Հորդանանյան կողմը նշել է, որ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter