HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմն ավարտվել է, բերքահավաքը՝ ոչ. սփյուռքի երիտասարդները մասնակցում են բարեգործական բերքահավաքին

Ազատության հրապարակից դեպի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղ մեկնող ավտոբուսը մի պահ հիշեցնում էր Բաբելոնի աշտարակը։ Հնչող լեզուների բազամազանության միջից ականջիդ էր հասնում ոմանց լավ, ոմանց կոտրտված հայերենը, որը շատ արագ փոխարինվում էր սահուն ֆրանսերենով, անգլերենով կամ արաբերենով։ 

Կողքիս նստած ականջակալներով տղային՝ Լեոնարդո Հոտոտյանին, պարբերաբար ինքս ինձ հետ բարձր խոսելով, փորձում էի ներքաշել խոսակցության մեջ, չստացվեց ու որոշեցի պատահաբար դիպչել թևին. hաջողվեց։ Լեոնարդոն Սան Պաուլոյից մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան, ապրում է Գյումրու հյուրընկալ ընտանիքներից մեկում։ Նա զարմանալիորեն լավ է խոսում հայերեն՝ չնայած Բրազիլիայում հատուկենտ բառեր է իմացել և գործածել։ 

Ավտոբուսում գտնվող բոլոր՝ մոտ 25 երիտասարդներն էլ Լեոյի պես մի օր որոշել են գալ Հայաստան՝ կամավորություն անելու։ Մինչև պատերազմի սկսվելը նրանք զբաղվել են տարբեր աշխատանքներով, իսկ շաբաթ օրերին էքսկուրսիաների գնացել Հայաստանի տարբեր մարզեր։ Պատերազմի առաջին իսկ օրերից կատարել են բացառապես սահմանին աջակցող աշխատանքներ։ 

Մեր այս ուղևորությունը եղել է հոկտեմբերի 31-ին։ Պատերազմի ողջ ընթացքում սփյուռքահայ կամավորները մասնակցում էին բերքահավաքի՝ աշնան բարիքները ռազմաճակատ ուղարկելու նպատակով։ Դաշտի տերը բերքը տրամադրում է անշահախնդիր կերպով։

Birthright Armenia կազմակերպության կամավորների համակարգող Լիլիթ Մհերյանի խոսքով, եթե նախկինում շաբաթ օրերին կամավորներից շատերը երկմտելով էին մասնակցում էքսկուրսիաներին, բերքահավաքին մասնակցելու համար պատրաստակամ են բոլորը։ 

Լոլիկի անծայրածիր դաշտը չի վախեցնում ձեռնոցները դեռ ավտոբուսում դրած կամավորներին։ Նախքան սկսելը տեղացիներից մեկը եռանդուն կերպով փորձում է ներկաներին անգլերենով բացատրել, որ լոլիկի գույնին շատ ուշադրություն չդարձնեն, և մեկ-երկու ճշտող հարցից հետո մեկնարկը տրվում է։ Սփյուռքահայերին դաշտում միանում են կամավորներ Հայաստանից ու Արցախից։ 

Բեյրութցի 22-ամյա Շիրակ Քրուզյանը թեև գրեթե ողջ կյանքն ապրել է Լիբանանում, բայց իր միակ հայրենիքը Հայաստանն է համարում։ «Լիբանանում հայերը մյուս ժողովուրդների համեմատ ավելի հարգված են, էնտեղ ես կրթություն եմ ստացել, շատ երկար ապրել, բայց երբևէ չեմ մտածել գնալ Լիբանանի համար զոհվել կամ իրենց զինվորի համար պոմիդոր հավաքել»,-ասում է Շիրակը։ Այդ ընթացքում արկղը արկղի հետևից լցվում է, որ հետո պահածոյացվի և ուղարկվի զինվորներին։ 

Խմբի անդամներից Արման Հայրապետյանը պատմում է, որ պատերազմի սկզբից կամավորների օգնությամբ իրենք կազմակերպել են գյուղացիների բանջարեղենի քաղը, որի համար կա’մ վճարել են շուկայականից ցածր գին, կա’մ հավաքել անվճար և ուղարկել ռազմաճակատ։ «Մեզ զանգում էին, գրում, որ իրենք էլ բերք ունեն ու ուզում են նվիրել բանակին, ոմանք արդեն հավաքածն էին նվիրում, ու մի պահ եկավ, որ հասկացանք՝ բերքն այնքան շատ է, որ պետք է վերամշակել ու պահածոյացված տարբերակով ուղարկել»,-պատմում է Արմանը ու բացառության կարգով նշում, որ այն ընտանիքներում, որտեղ կային ծառայողներ, բերքի համար պարտադիր վճարել են։ Հիմա, թեև ռազմական գործողությունները դադարեցված են, միևնույն է, բերքահավաքը շարունակվում է։ «Թվում է՝ մենք էլ պիտի դադարեցնեինք մեր բերքահավաքները, բայց հիմա էլ դրանք ոչ պակաս կարևոր են. շատ ընտանիքներ Արցախից եկել են այստեղ ու նրանց սնունդով ապահովել է պետք»,-նշում է Արմանը։

Մարգերից մեկում Նաթանը ու Մարին աշխատանքին զուգահեռ ֆրանսերենով զրուցում էին։ Նաթանը հայկական արմատներ ունի ու նախորդ օրն էր եկել Հայաստան՝ համարյա միանգամից լոլիկի դաշտ, իսկ Մարին ֆրանսիացի է և այդ գիշեր պիտի մեկներ Ֆրանսիա, բայց չգալ չէր կարող. էստեղ շատ հայ ընկերներ ունի, որոնց օգնել էր պետք։

Նրանց մարգի անմիջապես կողքին, առանց զրուցելու, լուռ աշխատում էին Արցախի Հադրութի շրջանի բնակիչներ 17-ամյա Մարին ու 14-ամյա Միքայելը։ Այնպես խնամքով էին պոկում լոլիկը ցողունից, կարծես հենց իրենց հայրենի գյուղ Հակակու էր գնալու ու հասնելու Մարիի եղբորը, որից 15 օրից ավելի լուր չկար։ Միքայելն էլ էր երևի Մարիի եղբոր համար քաղում. նրա հայրն օրեր առաջ զոհվել էր։ Մարիին հարցնում եմ՝ հավանու՞մ է Հայաստանը, մի պահ մտածում է ու ասում, թե ինքը գիտեր՝ Երևանում մարդիկ լավը չեն, բայց հիմա համոզվել է, որ լավ մարդիկ էլ կան, վատ մարդիկ էլ։ 

Բերքահավաքի մեկնարկից երեք-չորս ժամ անց անծայրածիր թվացող դաշտի լոլիկը տեղավորված էր արկղերում ու բեռնվում էր ծանրությունից կքած մեքենան, որը, մի կերպ տեղից պոկվելով, տանում էր մարդկանց հավատը ու մի քանի ժամվա միասնությունը։ Դաշտը դանդաղ ազատվում էր բերքից, վերջին կամավորը, դժգոհելով, թե շատ շուտ ավարտեցին, թափ տվեց ձեռնոցները ու նստեց ավտոբուս։ Դաշտում միայն ծղրիդների երգն էր լսվում։ 

Ռիմա Գրիգորյան, Անի Ղուլինյան
Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter